Play Video

Խորհրդային Հայաստանի պատմության առաջին փուլը` 1920 թվականի դեկտեմբերից մինչև 1922 թվականի մարտը կամ դեկտեմբերը, պաշտոնապես համարվում էր անկախության շրջան: Այդ բառը նույնիսկ ժամանակի փաստաթղթերում է տեղ գտել, օրինակ` Հայհեղկոմի մի շարք հրամանագրերում նշվում էր Հայաստանի Անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Բառի շեշտադրման միջոցով փորձ էր արվում հանրությանը ցույց տալու, որ Հայաստանի անկախ պետականությունը շարունակվում է, բայց և որ խորհրդային շրջանի անկախությունը տարբերվում է կապիտալիստական ընկալման անկախությունից:

Ժամանակի հայ նշանավոր գործիչներից Ալեքսանդր Մյասնիկյանը նշում էր` «Ի՞նչ է անկախությունը, անկախ ենք ո՞ւմից կամ ինչի՞ց»: Թե՛ Մյասնիկյանը, թե՛ Աշոտ Հովհաննիսյանը, թե՛ Զարմայր Աշրաֆյանը համեմատականներ էին տանում 1918-1920 թվականների հետ և օրինակներ բերում Անդրկովկասում անգլիական, ամերիկյան ներկայացուցիչների միջամտություններից: Խորհրդային գործիչները համարում էին, որ բացարձակ ազատություն կամ անկախություն չկա, և որ կապիտալիզմից, բուրժական համակարգից ազատագրված խորհրդային ժողովուրդներն իրավունք են ստացել սեփական անկախ պետությունները կառուցելու` հաշվի առնելով «մեծ ընտանիքի» կամ «ավագ եղբոր» շահերը: Խորհրդային Ռուսաստանը ներկայացվում էր իբրև բուրժուական պետություններից փոքր խորհրդային հանրապետությունների անկախության երաշխավոր:

Պաշտոնական անկախության շրջանում խորհրդային հանրապետություններն ունեին պետականությունն արտացոլող մի շարք վարչական հաստատություններ` ռազմական գործերի, ֆինանսների, արտաքին գործերի, արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատներ: Այս կառույցների գործունեությունը, բնականաբար, որոշակի սահմանափակումների էր ենթարկվում: 1920-1922 թվականներին Խորհրդային Ռուսաստանի ազդեցությունը մյուս խորհրդային հանրապետությունների վրա կարելի է տարանջատել ըստ մի քանի փուլի`

  • Խորհրդայնացումից մինչև 1921 թվականի հունիսը. ազդեցություն ոչ թե վարչական միջամտությունների, այլ կուսակցական խողովակների միջոցով:
  • Անդրկովկասի հանրապետությունների տնտեսական և քաղաքական միավորման գործընթաց, որը հանգեցրեց Անդրկովկասի դաշնության ստեղծմանը 1922 թվականի մարտին:
  • Նոր պետության` Խորհրդային Միության կազմավորումը 1922 թվականի դեկտեմբերի 30-ին:

Դիտեք նաև՝

Search