Play Video
9. Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը | Համո Սուքիասյան

1920 թվականի գարնանը, երբ արդեն թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը կայացած պետություն է, բախտորոշ իրադարձություններ սկսեցին ծավալվել: Արդեն ապրիլի 28-ին խորհրդայնացվեց հարևան Ադրբեջանը, և Խորհրդային Ռուսաստանը մուտք գործեց տարածաշրջան: Մինչ այդ Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունները առավել սերտ կապեր էին հաստատել դենիկինյան կամավորական կազմավորումների հետ, իսկ խորհրդային իշխանությանը շատ նշանակություն չէին տալիս։ Այստեղ դեր ուներ այն հանգամանքը, որ անգլիացիների կողմից թմբկահարվում էր այն գաղափարը, որ խորհրդային իշխանությունը ժամանակավոր է և, նաև իրենց օժանդակությամբ, երկար կյանք չի ունենա։ Այդ պատճառով Հյուսիսային Կովկասում 1920 թվականի փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին ծավալված իրադարձություններն ընդհանուր առմամբ անակնկալ էին Հայաստանի իշխանությունների համար:

Երևանում ապրիլի 25-ին տեղի ունեցած փակ խորհրդակցության ընթացքում Կառավարությունը որոշում կայացրեց Խորհրդային Ռուսաստան պատվիրակություն ուղարկել: Դեպի Մոսկվա հայկական պատվիրակությունը ղեկավարեց ճանաչված գրող, հրապարակախոս, Խորհրդարանի նախկին նախագահ Լևոն Շանթը։ Շուրջ 2 ամիս տևած բանակցությունները, սակայն, որևէ արդյունք չտվեցին։  Հայաստանում սպասում էին Ֆրանսիայի մայրաքաղաք Սևրում պայմանագրի ստորագրմանը։ Հետագայում շատ ղեկավար գործիչներ գրում էին, որ Սևրի պատրանքը իրենց կուրացրել էր. սպասելով մեծ Հայաստան ունենալուն` նրանք պատրաստ էին նաև եղած տարածքներում փոքր զոհաբերություններ անել։ 

1920 թվականի սեպտեմբերի սկզբին Հայաստանի խորհրդայնացման ուղղությամբ իրական քայլեր սկսեցին արվել։ Սեպտեմբերի 23-ին սկսվեց Քեմալական Թուրքիայի արշավանքը Հայաստան և թուրք-հայկական պատերազմը։ Խորհրդային Ռուսաստանում կարծում էին, որ թուրքերի հարձակումը նպաստավոր էր իրենց համար. թուրքական վտանգի առջև գտնվող Հայաստանը հեշտությամբ կհամակերպվեր անկախության կորստին և Խորհրդային միության մաս հանդիսանալուն։ Նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդային կարմիր բանակը մտավ Իջևան և Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց Սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ինչն իբրև թե տեղի է ունեցել ապստամբած բանվորների և գյուղացիների անունից։

Ալեքսանդրապոլում Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության պայմանագրի կնքմանը և Հայաստանի` Սևրի պայմանագրից հրաժարմանը զուգահեռ` դեկտեմբերի 2-ին, Երևանում ստորագրվեց հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանում վերջնականապես հաստատվեց խորհրդային իշխանությունը:

Դիտեք նաև՝

Search