1918 թվականի մայիսի վերջին` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատագրական կռիվներին զուգահեռ, Թիֆլիսում բանակցություններ էին ընթանում․ Հայոց ազգային խորհրդում հավաքված հայ քաղաքական գործիչները փորձում էին ստեղծված իրավիճակից ելք գտնել։
Այդ օրերին Երևանի և Թիֆլիսի միջև կապ գրեթե գոյություն չուներ․ շփումը տեղի էր ունենում մի քանի դար առաջ ընդունված մեթոդներով՝ նամակների միջոցով, քանի որ թուրքերը Ալեքսանդրապոլը գրավելուց հետո ընդհատել էին երկաթուղային կապը և կտրել հեռագրային լարերը։ Տեղեկատվության պակասի պարագայում՝ Թիֆլիսում գտնվող հայ ղեկավար գործիչները մեծ դժվարությամբ էին կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։
Մայիսի 11-ին Բաթումում սկսված բանակցությունների ընթացքում թուրքական կողմը պահանջում էր, որ անկախ Անդրկովկասն ընդունի իր առաջարկած վերջնագրերը։ Անդրկովկասի երեք հիմնական ժողովուրդների շրջանում չկար միասնական մոտեցում և դիրքորոշում։ Վրացիներն արդեն կարողացել էին ձեռք բերել Գերմանական կայսրության հովանավորության խոստումը, Անդրկովկասի մուսուլմանները (հետագայի ադրբեջանցիները) հրաժարվում էին կռվել օսմանյան բանակի դեմ և կարծում էին, որ պետականություն կստեղծեն օսմանյան իշխանության օգնությամբ։ Հայերի շրջանում կար երկվություն․ ամենատարածված տեսակետն այն էր, որ թեկուզ կործանված Ռուսական կայսրության մաս լինելուց հրաժարվելու դեպքում թուրքերը հեշտությամբ հաշվեհարդար կտեսնեն հայերի հետ։
Մայիսի 25-ին Վրացական ազգային խորհրդի նախագահն այցելեց Թիֆլիսում գտնվող հայ և մուսուլման ղեկավար-գործիչներին և տեղեկացրեց Վրաստանի գալիք անկախացման մասին։ Մուսուլմանները մայիսի 28-ին նույնպես նման որոշում կայացրին Ադրբեջանական հանրապետության անկախության մասին։
Երկարատև քննարկումներից հետո՝ մայիսի 30-ի առավոտյան, հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի հայտարարությունն առ այն, որ Խորհուրդը ստանձնում է կառավարական գործառույթներ հայկական գավառների նկատմամբ և դառնում գերագույն և միակ իշխանությունը։ Հայտարարությունը չէր պարունակում «անկախություն» բառը և չէր հստակեցնում պետության սահմանները։ Արդեն 1918թ․ հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հաշտության պայմանագիր Օսմանյան կայսրության և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության միջև, որով կայսրությունը դարձավ նորանկախ Հայաստանը ճանաչող առաջին պետությունը։ Բաթումի պայմանագիրը ստորագրելուց հետո միայն Հայոց ազգային խորհուրդը ձեռնամուխ եղավ պետության իշխանության մարմինների ձևավորմանը։