Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը հարևան պետությունների հետ հարաբերությունների ստեղծումն էր։ Այդ ժամանակ Հայաստանն ուներ փաստացի երեք, իրավական առումով՝ չորս հարևան։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ թուրքական զորամասերը կտրել էին Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաք Երևանի և Պարսկաստանի միջև անմիջական կապը։
Թուրքիայի հետ հարաբերությունները թերևս ամենաբարդն էին։ Դրանք մի քանի փուլով դասավորվեցին՝
- 1918 թվականի մայիս-հունիս, երբ Օսմանյան կայսրությունը դեռևս պատերազմի մեջ էր գտնվում և մեծ ներկայություն ուներ Անդրկովկասում,
- 1918 թվականի հոկտեմբերին հաջորդող շրջանը, երբ Օսմանյան կայսրությունն արդեն պարտվել էր Առաջին աշխարհամարտում և զորքերը դուրս էր բերում Անդրկովկասի տարածքներից,
- Վերջին փուլը, երբ զուգահեռաբար երկու կառույցներ էին գործում՝ պաշտոնական օսմանյան կառավարությունը և 1919 թվականի գարնանից թափ հավաքած, Մուսթաֆա Քեմալի ղեկավարած ժողովրդական շարժման արդյունքում ձևավորված ազգայնականների ոչ պաշտոնական կառավարությունը։
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում խնդիրները մի քանի հանգամանքներով էին պայմանավորված՝ անկախությունից հետո իշխանության մարմինների Թիֆլիսում գտնվելը, երկրամասի հիմնական տնտեսական հնարավորությունների՝ դրամահատարանի թողարկած գումարների, երկաթուղու շարժակազմի, զինամթերքի պահեստների Վրաստանում կենտրոնացած լինելը և Անդրկովկասի միացյալ գույքի բաժանման խնդիրը, սահմանային և տարածքային հարցերն ու ռազմական բախումները, իշխող քաղաքական ուժերի միջև գոյություն ունեցող անվստահությունը։
Պարսկաստանի հետ հարաբերություններում լրջագույն խնդիրներ չկային, միակ բացասական կետը 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովին ուղարկված հուշագրում պարսկական կառավարության արտահայտած տարածքային հավակնություններն էին, որոնց, սակայն, որևէ նշանակություն չտրվեց։ Պարսկաստանի և Հայաստանի միջև հաստատվեցին բնականոն դիվանագիտական հարաբերություններ։ Դիվանագիտական ներկայացուցիչներ կային նաև Վրաստանում և Ադրբեջանում։
Հարևանների հետ հարաբերություններում արդեն 1920 թվականի գարնանից որոշակի համակեցության սկզբունքներ ի հայտ եկան։ Հիմնական խնդիրները վերաբերում էին տարածքային պահանջներին և երկրների արտաքին կողմնորոշմանը․ եթե Ադրբեջանը հայացքն ուղղում էր դեպի Օսմանյան կայսրություն, այնուհետև՝ Քեմալական Թուրքիա, Վրաստանը՝ դեպի արևմուտք, հայությանն իրենք մեղադրում էին ռուսներին տարածաշրջան վերադարձնելու ցանկության մեջ՝ չնայած Առաջին Հանրապետության ղեկավարների՝ Անտանտի երկրներին հարող կողմնորոշմանը։