Play Video

Խորհրդային Հայաստանում, ինչպես և այլ միութենական հանրապետություններում, առաջնային խնդիրներից մեկը ծանր սոցիալ-տնտեսական վիճակն էր: 1920 թվականի վերջին և 1921 թվականի սկզբին Խորհրդային Հայաստանում իրականացվում էր ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, պարզ բնորոշմամբ` գյուղացիության թալան: Այն մեծ դժգոհություն առաջացրեց ու հետագայում հանգեցրեց փետրվարյան ապստամբության, ինչին էլ հաջորդեց նոր տնտեսական քաղաքականությունը:

1921 թվականի մայիսին պետության և կուսակցության առաջնորդ Վլադիմիր Լենինը հանդես եկավ ընդարձակ ճառով Խորհրդային Ռուսաստանի տնտեսական դրության, խնդիրների և դրանց լուծումների մասին: Եվ որպես գոյություն ունեցող վիճակից դուրս գալու ճանապարհ` նա առաջարկեց որդեգրել նոր տնտեսական քաղաքականություն, որը կապիտալիստական տարրեր էր պարունակում: Այս կապիտալիստական տարրերի մուտքը հատկապես գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներ բնականաբար որոշակի նահանջ էր կոմունիստական գաղափարախոսությունից: Իշխանություններն ընդգծում էին, որ սա ժամանակավոր զիջում է` երկիրը տնտեսապես ամրապնդելու և նախապատերազմական տնտեսական ձեռքբերումներին հասնելու համար:

ՆԷՊ-ի գլխավոր առավելություններից մեկը պարենհարկն էր` բնակչության հարկումն ըստ տարբեր սանդղակների: Հայկական պատմագիտության մեջ ՆԷՊ-ն առավելապես ներկայացված է իբրև գյուղատնտեսական ծրագիր, և գյուղական աշխատունակ բնակչությունն իսկապես մեծ հնարավորություններ ստացավ ՆԷՊ-ի շնորհիվ` հատկապես հողային բարեփոխումներից հետո: Սակայն նոր տնտեսական քաղաքականությունն ընդգրկում էր պետության բոլոր ոլորտները, ներառյալ` արդյունաբերությունը: Հայաստանյան իրականության մեջ ՆԷՊ-ի շնորհիվ ավելացավ փոքր և միջին բիզնեսին բնորոշ ձեռնարկությունների թիվը` ներկատներ, կոշկակարանոցներ, որոնք գրեթե հարկ չէին վճարում, գործարաններ, հրատարակչական ընկերություններ, հիվանդանոցներ և այլն, որոնց մի մասը ոչ թե պետական էին, այլ մասնավոր: 

Դիտեք նաև՝

Search