Play Video
13․ Խորհրդային Հայաստանի տարածքային-սահմանային խնդիրները (մաս 2) | Համո Սուքիասյան

1922 թվականի մարտին Անդրկովկասյան դաշնության (Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն) ստեղծումը նոր ուղի պետք է հարթեր տարածաշրջանի ժողովուրդների համար։ Դաշնության ստեղծմամբ առավելապես շահագրգռված էր Խորհրդային Հայաստանը՝ պայմանավորված պետության տնտեսական վատթար վիճակով և հարևանների հետ կոմունիկացիոն կապերի կարևորությամբ։ Անդրդաշնության շրջանում (1922-1936թթ․) յուրաքանչյուր կարևոր խնդիր վերջնական լուծում էր ստանում դաշնության կենտրոն Թբիլիսիում։ Եթե 1920-1922 թվականները պայմանականորեն համարվում են Խորհրդային Հայաստանի անկախության շրջան, ապա 1922 թվականի մարտից սկսած նույնիսկ նման պաշտոնական անկախության մասին այլևս խոսք չէր կարող լինել։

Անդրկովկասյան երեք հանրապետություններին առնչվող առանցքային խնդիրների թվում սահմանային հարցերին ևս վերջնական լուծում էր տալիս Անդրկովկասյան դաշնության բարձրագույն ղեկավար մարմինը՝ Բանվորների, գյուղացիների և կարմիր բանակայինների խորհուրդների գործադիր կոմիտեն։ Արդեն 1923 թվականի սկզբին Թբիլիսիում Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությանը կից ստեղծվեց մի առանձին հանձնաժողով՝ միտված հողերի, անտառների, ջրերի շուրջ անդրկովկասյան ժողովուրդների միջև եղած վեճերի լուծմանը։ Այդ հարցին մոտենում էին ոչ թե ազգային տեսակետից, ինչը 20-ականների բոլշևիկներին էր բնորոշ, այլ ընդհանուր համախորհրդային պատկերացումներից ելնելով։

Խնդրահարույց տարածքներն Անդրկովկասում բազմաթիվ էին և վերաբերում էին թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ վրաց-ադրբեջանական, և՛ թե հայ-վրացական սահմանագծին։ 1928 թվականին հանձնաժողովը տեղային աշխատանքներ կատարեց երեք միութենական հանրապետությունների սահմաններում։ Այդ հետազոտության արդյունքները, որոնց հիման վրա նաև որոշ սահմանանշաններ տեղադրվեցին, հետագայում հիմք պետք է հանդիսանային տարբեր քարտեզների պատրաստման համար, որոնք այսօր նույնպես վեճի առարկա են դարձել։ Հանձնաժողովը որդեգրեց կտրակցումների քաղականությունը, որը հետագայում հանգեցրեց անկլավների առաջացմանը։

Արդեն 1945 թվականին հիմնական տարածքային վեճերը լուծված էին, սակայն, քանի որ խորհրդային տարիներին անդրադառնում էին այն հողաշերտերին, որոնց շուրջ սուր հակամարտություն էր ծագում, իսկ մյուս հատվածներն ուղղակի անտեսում էին, բամաթիվ սահմանային վեճեր այդպես էլ լուծում չստացան ու հետագայում որպես ժառանգություն անցան նորանկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետություններին։

Դիտեք նաև՝

Search