Play Video

Նորանկախ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրներից մեկն էր արվեստի, մշակույթի և մամուլի ոլորտների կանոնակարգումը։ Չնայած նրան, որ Խորհրդարանի նիստերի ընթացքում, ինչպես նաև Կառավարությունում մի քանի անգամ նման օրինագծերի առաջարկներ էին հնչել, Հայաստանի առաջին հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում չհասցրեց մամուլի և մշակույթի ոլորտը կանոնակարգող օրենքներ ընդունել՝ պայմանավորված նաև երկրի վատթար սոցիալ-տնտեսական պայմաններով և սկսված պատերազմով։ Այդ ոլորտները հիմնականում կարգավորվում էին ցարական ժամանակների օրենսդրությամբ։ Արդյունքում՝ այս բնագավառները կամ առավել ազատական էին գործում, կամ բարձիթողի վիճակում էին գտնվում։

Մշակույթի և արվեստի ոլորտում հիմնական խնդիրները կապված էին որակի ապահովման, մշակութային միջոցառումներից գանձվող բարձր տուրքերի, հանրային կրթության և արվեստի կազմակերպման հետ։ Ոլորտի կարգավորմանն ուղղված գործունեություն էին ծավալում գրող, հրապարակախոս Նիկոլ Աղբալյանը, որը 1919 թվականին նշանակվել էր Հանրային կրթության և արվեստի նախարար, ինչպես նաև դրամատուրգ Դերենիկ Դեմիրճյանը, որը 1920 թվականին դարձել էր նախարարության Արվեստի բաժնի վարիչ։ Այդ շրջանի ձեռբերումներից էին Կոնսերվատորիայի, Պետական թատրոնի և Երևանի պետական համալսարանի սկզբնավորումը։

20-րդ դարասկզբին մամուլը կարևոր տեղ էր զբաղեցնում հայկական իրականությունում, հատկապես՝ 1905 և 1907 թվականի հեղափոխություններից հետո, երբ նախնական գրաքննությունը վերացվեց Ռուսական կայսրության տարածքում։ Առաջին հանրապետությունում գործում էր հարաբերական խոսքի ազատություն, բայց պարբերականները և մամուլի գործիչները խնդիրների էին բախվում այն դեպքերում, երբ հակապետական, հակաիշխանական դիրքորոշում էին արտահայտում կամ Հայաստանի դաշնակիցների՝ Անտանտի երկրների համար անցանկալի նյութեր հրապարակում։ Մյուս կարևորագույն խնդիրը, որին այդ տարիներին բախվում էին թերթ հրատարակել կամ գիրք տպագրել ցանկացող հաստատությունները, թղթի պակասն էր։ Նախկինում թուղթը հիմնականում ստանում էին Պետերբուրգից, Մոսկվայից, և ճանապարհների փակվելուց հետո թղթի հոսքը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք գրեթե ամբողջությամբ ընդհատվել էր։

Դիտեք նաև՝

Search