Play Video

20-րդ դարը Հայաստանի բազմադարյա պատմության առավել առանձնահատուկ ժամանակաշրջաններից մեկն է: Այն նշանավորվեց թե՛ այնպիսի ողբերգական իրադարձություններով, ինչպես Հայոց ցեղասպանությունը, և թե՛ վերելքներով, ինչպիսինն էր հայոց անկախ պետության վերականգնումը: Մեծ եղեռնից ընդամենը 3 տարի անց՝ 1918թ. մայիսին, Բաշապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հաղթանակների շնորհիվ հայությունը կարողացավ կերտել իր պետականությունը:

20-րդ դարում գաղափարախոսություններն ու պետական համակարգերը հաջորդում էին միմյանց: Հայաստանը նոր դար մտավ, բաժանված լինելով Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև, այնուհետև 1918-1920թթ. դարձան անկախության ժամանակը, երբ իրականացավ հայության բազմադարյա երազանքը՝ ունենալ սեփական պետություն: Այս տարիներին, կարելի է ասել, ոչնչից ստեղծվեցին պետական ինստիտուտները: Առաջին հանրապետության ղեկավարները մեծագույն ջանքեր գործադրեցին պետական կառավարման համակարգ՝ նախարարություններ, վարչություններ, ծառայություններ ստեղծելու նպատակով, կազմակերպվեցին առաջին պարլամենտական ընտրությունները:

1920թ. Քեմալա-բոլշևիկյան համագործակցության արդյունքում Հայաստանը նորից կորցրեց անկախությունը հայ-թուրքական պատերազմի և խորհրդայնացման արդյունքում: 1922թ. մարտին Խորհրդային Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միավորմամբ ստեղծվեց նոր պետություն՝ Անդրկովկասյան Դաշնությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1936թ.: 1937թ. Հայաստանը վերանվանեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Խորհրդային տարիներին Հայաստանն ունեցավ թե՛ կորուստներ, թե՛ ձեռքբերումներ: Ստալինյան բռնաճնշումները, Հայրենական պատերազմը ողբերգական ժամանակաշրջան էին հայերի համար, և միայն 1960-80թթ. հայկական տնտեսությունը սկսեց զարգանալ, և բնակչության կենսամակարդակը բարձրացավ: Խորհրդային շրջանի ձեռքբերումներից էր իրավական համակարգի ձևավորումը, սահմանադրությունների ընդունումը, դատական և վարչական համակարգերի կատարելագործումը, մշակութային և կրթական բազմաթիվ ինստիտուտների հիմնադրումը:

1991թ. Անկախության վերականգնումից հետո Հայաստանը հնարավորություն ստացավ դառնալ համաշխարհային մեծ ընտանիքի մի մասը, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել և հարաբերվել հարևան և հեռավոր պետությունների հետ: Սակայն, ԽՍՀՄ փլուզումից հետո դրա երկարամյա պատմության ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր դարձան առանցքային խնդիր, հատկապես՝ ազգային սահմանների տարանջատումը: Հայաստանի պարագայում դա Ղարաբաղյան հարցն էր:

Դիտեք նաև՝

Search