Play Video
4. Հայաստանը 1917 թվականի ռուսական հեղափոխությունների շրջանում | Համո Սուքիասյան

1917 թվականի փետրվարի 27-ին Ռուսական կայսրության մայրաքաղաք Պետրոգրադում տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ փոփոխությունների հանգեցրեց ամբողջ կայսրության տարածքում։ Նիկոլայ II կայսրը իր և իր ժառանգների անունից հրաժարվեց իշխանությունից։ Ռուսական կայսրության հպատակների մեծ մասը, տասնամյակներ շարունակ այդ տապալմանը և ժողովրդավարական համակարգի անցմանը սպասած լինելով, խորը շունչ քաշեց։ Արդեն մարտի 2-ին այս փոփոխությունների շղթան հասավ Անդրկովկաս։ Ստեղծվեց նոր իշխանության մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, որը միավորում էր տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների։ Հայերին ներկայացնում էր Միքայել Պապաջանյանը, որը Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր էր։ 

Համառուսաստանյան ժամանակավոր կառավարության ամենանշանավոր ակտերից մեկը մամուլի մասին որոշումն էր, որը հրապարակվեց 1917 թվականի ապրիլի 27-ին։ Ըստ այս որոշման՝ անհատները կամ ընկերությունները իրավունք էին ստանում ազատորեն պարբերական հրատարակել, վերանում էր նախնական գրաքննությունը, ստեղծվում էին ազատական կարգեր նոր պարբերականների ի հայտ գալու համար։ Հատուկ որոշում ընդունվեց նաև արվեստի բնագավառի վերաբերյալ, որտեղ նույնպես հանվեց գրաքննությունը։ Արևելյան Հայաստանի տարածքում սկսեցին նորանոր քաղաքական, երգիծական ներկայացումներ ի հայտ գալ։

Այս փոփոխությունները բերեցին քաղաքական նոր տրանսֆորմացիաների․ ստեղծվեց Հայկական ժողովրդական կուսակցությունը, որի հիմնադիրներն էին Թիֆլիսի նշանավոր վաճառականներ, մտավորականներ, «Մշակ» թերթի շուրջ համախմբված ազատական գաղափարներ ունեցող մարդիկ։ Այս կուսակցությունը պետք է դառնար Հայ հեղափոխական դաշնակցության հիմնական ընդդիմությունը։

Ինչպես կայսրության այլ ծայրամասերում, Անդրկովկասում ևս կուտակված խնդիրներից ամենաառաջնայինն էր նոր վարչատարածքային բարեփոխման իրականացումը և տեղական ինքնակառավարման մարմինների տարածումը։ Առաջարկներից մեկը ենթադրում էր Անդրկովկասի բաժանում 3 մեծ վարչական միավորի՝ օկրուգի՝ ըստ ազգային սկզբունքի։ Սա ամենաիրատեսական հնարավորությունն էր Անդրկովկասում կուտակված սահմանային խնդիրները լուծելու, բայց, ցավոք, այս ծրագիրը հավանության չարժանացավ։

Դիտեք նաև՝

Search