Հայաստանը 20-րդ դար թևակոխեց հիմնականում երկու մեծ պետությունների` Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև բաժանված լինելով: Պատմական Հայաստանի որոշակի տարածքներ գտնվում էին նաև Պարսկաստանի կազմում: Մեծ առումով հայերը ցրված էին վերը նշված երկու կայսրությունների տարածքում և կոմպակտ չէին բնակվում: Դրան նպաստել էր նաև կայսրությունների իրականացրած վարչաժողովրդագրական քաղաքականությունը:
19-րդ դարի վերջին քառորդին առաջացած հայ քաղաքական ուժերը մեծ դերակատարություն ունեին հայության քաղաքական, հասարակական կյանքում: Ամենաառաջնային դերն ուներ 1890-ին ստեղծված Հայ հեղափոխական դաշնակցությունը: Արմենականը` 1885 թվականին ստեղծված առաջին հայ քաղաքական կուսակցությունը, 1890-ականների համիդյան կոտորածներից հետո չկարողացավ վերականգնվել: Իսկ Հնչակյան կուսակցությունը, որը 1886-87 թվականներին էր ձևավորվել Ժնևում, շատ արագ պառակտվեց: Հայ քաղաքական ուժերը համարում էին, որ առաջնային խնդիրը Արևմտյան Հայաստանի ճակատագիրն էր, որովհետև արևելահայությունը, ինչպես այդ շրջանում էր ընդունված համարել, գույքի և անձի ապահովության խնդիր մեծ առումով չուներ` ի տարբերություն արևմտահայության:
Հայ հեղափոխական դաշնակցության` արդեն 1898 թվականին գումարված երկրորդ ընդհանուր ժողովում որոշում ընդունվեց արևմտահայության խնդիրների առնչությամբ մարտավարությունը փոխելու: Եթե նախկինում փորձ էր արվում ռազմական ճանապարհով Արևմտյան Հայաստանում փոփոխությունների հասնելու, այս դեպքում առաջնային խնդիր դրվեց արևմտյան պետությունների միջամտությունն ապահովելը և հայդուկային մարտավարությունից հընթացս հրաժարվելը: Դա ենթադրում էր Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը զինել, տարբեր հարաբերություններ ստեղծել Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների հետ, հատկապես` քրդերի, հույների, ասորիների, և համատեղ ուժերով հասնել Հայաստանի արևմտյան հատվածներին Օսմանյան կայսրության կազմում ինքնավարության տրամադրմանը, ինչին պիտի օժանդակեին եվրոպական տերությունները: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ սա ոչ իրատեսական ծրագիր էր: