1991 թվականի սեպտեմբերին անկախացած Հայաստանի Հանրապետությունը կանգնեց բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Ի տարբերություն Հայաստանի Առաջին Հանրապետության, որը, ինչպես ժամանակի գործիչներից մեկն էր բնորոշել, ստեղծվում էր անձև քաոսից և հիմնային որևէ ժառանգություն չէր ստացել, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Խորհրդային Հայաստանից ժառանգել էր քիչ թե շատ կազմակերպված պետական կառավարման համակարգ, տնտեսություն, գիտություն, մշակույթ, ինչը պետք է հիմք հանդիսանար նորաստեղծ պետության՝ ավելի կազմակերպված հունով ընթանալու համար, սակայն ժամանակի քաղաքական գործընթացները և ընդհանուր բարդությունները ոչ միշտ և ոչ բոլոր ոլորտներում տվեցին այդ հնարավորությունը։
Անկախացումից անմիջապես հետո Հայաստանի առաջնային խնդիրը միջազգային ճանաչում ստանալն էր։ Այդ նպատակով՝ արդեն 1991 թվականի դեկտեմբերից ՀՀ իշխանությունները՝ ի դեմս նախագահի և արտաքին գործերի նախարարության, մեծ ջանքեր գործադրեցին տարբեր պետությունների կողմից Հայաստանի անկախության ճանաչման փաստի հաստատումը ստանալու համար։ Իբրև դրան նպաստող հանգամանք կարելի է դիտարկել 1991 թվականի դեկտեմբերի 8-ի՝ Խորհրդային Միության լուծարման մասին Բելովեժյան համաձայնագիրը, որի տակ ստորագրել էին միության հիմնադիր չորս պետություններից երեքի՝ Խորհրդային Ուկրաինայի, Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Բելառուսի իրավահաջորդների ներկայացուցիչները, իսկ Անդրկովկասյան դաշնության իրավահաջորդ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը նման հրավեր չէին ստացել։
Բելովեժյան համաձայնությունից հետո հայտարարվեց նախկին Խորհրդային Միության տարածքում նոր կառույցի՝ Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման մասին, որի հիմնադիր նիստը տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթիում. մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունը։ Կարելի է արձանագրել, որ անկախացմանը հաջորդող առաջին ամիսներին Հայաստանը Խորհրդային Միության այն հանրապետություններից էր, որոնք կարևոր նշանակություն էին տալիս նորաստեղծ անկախ պետությունների համագործակցությանը։ Այդ շրջանում համոզմունք կար, որ ԱՊՀ-ն կարող է զարգանալ և մի նոր հարթակ դառնալ նախկին միութենական հանրապետությունների համար։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՊՀ-ն որպես կառույց մնաց թղթի վրա, և իր ընդունած որոշումները մեծ մասամբ չգործադրվեցին։
Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայաստանի անկախությունը և դիվանագիտական կապեր հաստատեցին Հայաստանի Հանրապետության հետ։ 1992 թվականի փետրվարից Երևանում սկսեցին մեկը մյուսի հետևից բացվել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները։ Առաջիններից էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատները։ 1992 թվականի մարտի երկուսին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ։