Play Video
24․ Հայաստանի անկախացման գործընթացը (1990-1991 թթ.) | Համո Սուքիասյան

Խորհրդային վերակառուցման քաղաքականությունը բերեց հանրապետություններում ժողովրդավարական գործընթացների ակտիվության, ինչը վերջնարդյունքում հանգեցնելու էր Խորհրդային Միության փլուզմանը: Արդեն 1980-ականների վերջից Խորհրդային Միության կենտրոնական իշխանության վերահսկողությունը միութենական հանրապետությունների նկատմամբ սկսեց ավելի ու ավելի նվազել: Դրա պարզ վկայությունն էին 1990 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները. Խորհրդային Միությունում ավանդաբար ընտրություններն անց էին կացվում մեկական թեկնածուներով` մեծամասնական ընտրակարգով, երբ որևէ հակընդդեմ թեկնածություն չէր առաջադրվում, և միշտ ընտրվում էին կոմունիստների և անկուսակցականների բլոկի առաջադրած թեկնածուները:

Բայց 1990 թվականի մայիս-հունիսյան ընտրությունները Խորհրդային Հայաստանում էականորեն տարբերվում էին այս ընդունված ձևաչափից: Մայիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցեցին ոչ միայն իշխող կոմունիստական կուսակցության անդամները, այլև նորաստեղծ «Հայոց Համազգային Շարժման» (ՀՀՇ) ներկայացուցիչները: Արցախյան պայքարի արդյունքում արդեն 1989 թվականի նոյեմբերին ձևավորվեց մի նոր շարժում, որը միավորում էր կոմունիստական կուսակցության դեմ հանդես եկող գրեթե բոլոր գործիչներին: Այդ շարժումը, որը հետո պետք է վերածվեր «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության, կարողացավ հաջող կերպով մրցակցել կոմունիստական նոմենկլատուրայի անդամների հետ:

Ճիշտ է` ընտրությունների արդյունքում կոմունիստներն ավելի շատ ձայն հավաքեցին և տեղեր զբաղեցրին Հայաստանի Գերագույն Խորհրդում, բայց չկարողացան միավորվել. նրանց շրջանում շատ էին կենտրոնախույս ուժերը: Եվ դրա ամենապարզ օրինակներից մեկը օգոստոսի 4-ին Գերագույն Խորհրդի նախագահի ընտրություններն էին, երբ կոմունիստների զգալի մասը քվեարկեց ոչ թե իրենց կուսակցության, այլ «Հայոց Համազգային Շարժման» կողմից առաջադրված թեկնածուի` Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, որն այդ օրը դարձավ Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ: Սա մեծ փոփոխությունների սկիզբն էր:

Հաջորդ փուլով Հայաստանի Գերագույն Խորհուրդը ձեռնամուխ եղավ անկախության գործընթացի նախապատրաստական աշխատանքներին: Հուլիսի 20-ին բացված առաջին նստաշրջանից հետո Գերագույն Խորհուրդը հիմնական խնդիր դարձրեց նոր ձևաչափով պետության ստեղծումը և կենտրոնից` Մոսկվայից, հնարավորինս անկախ գործելու սկզբունքների որդեգրումը: Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստը մաս-մաս քննարկվում և հավանության էր արժանանում Գերագույն Խորհրդի կողմից: Բացի քննարկված և վերջնականորեն ընդունված տեքստից բացմաթիվ դրույթներ, որ այդ օրերին լայն հանրային քննարկման էին արժանանում և՛ Խորհրդարանում, և՛ դրա դահլիճից դուրս, տեղ չգտան վերջնական ձևակերպումներում, ինչը հատկապես հետազոտող պատմաբանների կողմից տասնամյակներ շարունակ քննադատության է արժանացել: Բայց եթե դատենք ժամանակի իրողությունները հաշվի առնելով, այդ շրջանում` 1990 թվականի օգոստոսին, երբ չգիտեին, թե հետագայում ինչպես պետք է զարգանային իրադարձությունները, նման զգուշավոր մոտեցում որդեգրելը գուցե նաև տրամաբանական էր և ապագային միտված:

Դիտեք նաև՝

Search