Play Video
23․ Հայաստանը «վերակառուցման» տարիներին | Համո Սուքիասյան

1980-ականների կեսին Խորհրդային Միությունը լճացման գործընթացի մեջ էր, երբ պետության ղեկավար դարձավ Միխայիլ Գորբոչովը․ 1985 թվականի մարտին վերջինս ընտրվեց Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար։ Հաջորդ 5-6 տարիներին Խորհրդային Միության գործունեությունը անխզելիորեն կապված է Գորբաչովի անձի, պատկերացումների և ծավալած աշխատանքների հետ։ Գորբաչովը և իր շրջապատը շատ լավ հասկանում էին, որ Խորհրդային Միությունն արդեն դեպի մայրամուտ է գնում՝ հատկապես հաշվի առնելով տնտեսական խնդիրները։ Այդ պատճառով Գորբաչովը ձեռնամուխ եղավ Խորհրդային Միության տնտեսության և ընդհանրապես ամբողջ հասարակական կյանքի վերակառուցմանը, ինչը պատմագիտության մեջ անվանվում է «Պերեստրոյկա»։

Եթե սկզբնական փուլում այն հիմնականում ուղղված էր գիտատեխնիկական բնագավառում լուրջ առաջընթաց կազմակերպելուն և տնտեսության բնագավառում նվաճումների հասնելուն, հետագայում վերափոխվեց մի քանի փուլերի, այդ թվում՝ քաղաքական, մշակութային, կրոնական ազատությունների, խոսքի և մամուլի ազատության ընդարձակման։ Այս ամենը տեղի էր ունենում նաև Խորհրդային Հայաստանում։

Մեծ առումով՝ խորհրդային վերակառուցման քաղաքականությունը չհանգեցրեց ակնկալվող արդյունքների, այլ ընդհակառակը նպաստեց անկման ուղու վրա գտնվող Խորհրդային Միության ավելի արագ կազմալուծմանը: Հետագա իրադարձությունները վկայեցին նրա մասին, որ խորհրդային քաղաքացին պատրաստ չէր վերափոխումների։ Այսինքն՝ գործադրվող բարեփոխումները պարտադրվում էին վերևից՝ կոմունիստական նոմենկլատուրայի կողմից, որի միջին և ստորին օղակները ևս հակված չէին հավատալու իրենց գործունեության արդյունավետությանը։ Հայաստանն այդ առումով բացառություն չէր։

Վերակառուցման ընթացքում՝

  • Ազատություն ստացան ոչ միայն անհատները, այլև գիտնականները։ Հումանիտար գիտությունները, մասնավորապես՝ պատմագիտությունը, զգալի ազատություն ձեռք բերեցին, քանի որ բացվեցին նախկինում փակ կամ գաղտնի համարվող բազմաթիվ արխիվային ֆոնդեր։
  • Ազատականացվեց արվեստի և մշակույթի բնագավառը, մասնավորապես՝ երաժշտագիտությունը․ սկսեցին ձայնագրվել և հրապարակվել ազգային-ազատագրական շարժումներին նվիրված երաժշտական համարներ, ավելի մեծ տարածում գտավ ժամանցային կամ «ռաբիզ» երաժշտությունը։
  • Սկսեց զարգանալ տնտեսական գործունեությունը, կոոպերատիվ շարժումը. բազմաթիվ անհատներ ձեռնամուխ եղան սեփական բիզնեսների ստեղծմանը, և հետագա տարիներին նրանցից շատերը դառնալու էին ճանաչված գործարարներ արդեն Հայաստանի երրորդ հանրապետությունում:
  • Առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով սահմանափակվեց ալկոհոլային խմիչքների օգտագործումն ու տարածումը: Նման կարգարվորումներն առաջին հերթին հարվածեցին այն միութենական հանրապետություններին, որոնք հայտնի էին իբրև ոգելից խմիչք արտադրող, ներառյալ` Հայաստանը:
  • Առավել սրվեց ազգային հարցը, մասնավորապես` Արցախի հիմնախնդիրը:

Դիտեք նաև՝

Search