Play Video

Պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանը տնտեսական լուրջ կորուստներ էր կրել։ Հետպատերազմյան շրջանում ողջ Խորհրդային Միությունում տնտեսությունը վերականգնելու խնդիր դրվեց։ Դա իրականացնելը չափազանց բարդ էր՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորհրդային Հայաստանը դեռևս շարունակում էր գյուղացիական երկիր լիներ, իսկ գյուղացիությունը գտնվում էր սոցիալական ամենածանր պայմաններում։ Դրա պատճառներից մեկը տիրող տնտեսաձևն էր, որը ոչ միայն չէր խրախուսում մասնավոր ձեռնարկատիրության զարգացումը, այլև տարբեր խոչընդոտներ էր հարուցում՝ ընդուպ մինչև մեկ տնամերձից ավելի ցանքատարածություն կատարելու համար նկատողությունը։ Խորհրդային տարիներին պետության և անհատի շահերը շատ հաճախ հակոտնյա էին։

Կոլտնտեսային գյուղացիության մյուս խնդիրներից էր այն, որ գյուղացիները որոշակիորեն «կպած» էին հողին․ տեղից տեղ շարժվելու, այլ աշխատանք գտնելու հարցում մեծ դժվարություններ ունեին։ Մինչև 1950-ականների վերջ ու 1960-ականների սկիզբ գյուղացիների զգալի մասը, նաև՝ Խորհրդային Հայաստանում, անձնագիր չունեին, տիրապետում էին միայն կացության ժամանակավոր ակտերի և կոլտնտեսությունը լքելուց առաջ պետք է ստանային համապատասխան թույլտվություն։

Հետպատերազմյան շրջանում հատկապես քաղաքային բնակչությանը բնորոշ խնդիրներից էր մանկական անապաստանությունը․ Երկրորդ աշխարհամարտով, ինչպես նաև մինչ այդ սկսված և մեծ ծավալներ ընդունած բռնաճնշումներով պայմանավորված՝ մեծ թիվ էին կազմում որբ և անապաստան երեխաները, որոնք թափառական կյանք էին վարում և ընդգրկվում տարբեր հանցագործ խմբավորումներում։ Մանկական անապաստանության վերացմանն ուղղված գործողությունները ներառում էին երեխաներին մանկատներում տեղավորելը, նրանց համար աշխատանք գտնելը, միջին մասնագիտական և մասնագիտական կրթությամբ ապահովելը, և տևեցին շուրջ երկու տասնամյակ։

Ոչ կայուն իրավիճակը բերում էր նաև հասարակության շրջանում ոչ ստանդարտ վարվելակերպի կամ, ինչպես ընդունված է մասնագիտական գրականության մեջ, շեղված վարքի դրսևորումների ակտիվացմանը՝ խաղամոլություն, տարբեր հանցագործություններ և հատկապես խուլիգանություն։ Մանր հանցագործության տեսակներից մեկը՝ խուլիգանությունը, կարելի է համարել հետպատերազմյան Խորհրդային Հայաստանի առօրյայի բաղկացուցիչ մասը։ Դրան նպաստում էին թե՛ մանկական անապաստանության խնդիրը, թե՛ այն, որ պատերազմից զորացրված նախկին զինվորականներից ոչ բոլորն էին կարողանում իրենց տեղը գտնել հասարակության մեջ։ Այս անձանցից էր հավաքվում բնակչության այն խավը, որը հետագայում բնորոշվեց իբրև «գողական մտածելակերպի» կրողներ և ոչ կանոնադրային հարաբերություններ իրականացնողներ։

Դիտեք նաև՝

Search