Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սփյուռքում բնակվող հայության շրջանում էականորեն մեծացավ Խորհրդային Միության վարկանիշն ու ազդեցությունը։ Հայերը, հատկապես՝ Եվրոպայում բնակվողները, գիտեին, թե որքան հզոր, զարգացած և կազմակերպված պետություն էր Նացիստական Գերմանիան, որին հաղթել էր Խորհրդային Միությունը։ Հետևաբար մարդիկ ենթադրում էին, որ Խորհրդային Միությունը պետք է ավելի հզոր և զարգացած լինի, ավելի կայուն հարաբերություններ ունենա։ Այս շրջանում արտերկրում Խորհրդային Միության մասին շատ քիչ տեղեկատվություն էր հասանելի․ քաղաքական գրաքննության և ճնշումների արդյունքում խորհրդային իրավակարգի բացասական կողմերը ներկայացնող նյութերը արտասահմանում գրեթե չէին հայտնվում, իսկ ընդդիմադիրների կամ տարբեր պատճառներով Խորհրդային Միությունից փախուստի դիմած անհատների կողմից տարածվող տեղեկատվությանը հանրության մի զգալի մասը հակված չէր հավատալու։
Խորհրդային Միությունում ևս հակված էին սփյուռքի հայության նկատմամբ հատուկ քաղաքականություն վարելուն։ Դրան նպաստող գործոններից մեկն էլ այն էր, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտական փուլում իրական էր թվում Թուրքիայի հանրապետության իշխանության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանի գրավումը խորհրդային զորաբանակների կողմից։ Սակայն Պոտսդամի կոնֆերանսում այս ծրագիրն արժանացավ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ընդդիմությանը։ Արդյունքում՝ Իոսիֆ Ստալինը բավարարվեց եղած սահմաններով։
Այս ընթացքում մեծ ոգևորություն էր առաջացել սփյուռքի հայության մոտ, ինչին նպաստել էր նաև նորընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Չորեքչյանը, որը բազմաթիվ նամակներ էր ուղղել ինչպես սփյուռքահայ գաղթօջախներին, այնպես էլ՝ Մոսկվա։ Կաթողիկոսի, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Հարությունյանի հորդորների և խնդրանքների արդյունքում՝ Խորհրդային Միության կառավարությունն արդեն 1945 թվականի դեկտեմբերին հատուկ որոշում ընդունեց արտասահմանում բնակվող հայերին Խորհրդային Միության տարածք վերաբնակեցնելը թույլատրելու մասին։ 1946 թվականի կեսից սկսեց հայրենադարձությունը։ Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի մեծամասնությունը որևէ տեղեկություն չուներ երկրի իրական վիճակի մասին։ Ծովային ճանապարհով գալով Բաթում՝ այնուհետև գնացքով տեղափոխվում էին Խորհրդային Հայաստանի տարածք։
Երևանում նրանց բաշխում էին պլանային կարգով՝ հաճախ առանց հաշվի առնելու նրանց մասնագիտությունը, կրթությունը, նախկին ապրելավայրն ու ապրելակերպը, պատրաստվածությունն ու ցանկությունները։ Եվ որպես կանոն, մեծամասնությանն ուղարկում էին բնակվելու Խորհդային Հայաստանի հեռավոր գյուղերում, որտեղ չկային տարրական կենցաղային պայմաններ։ Մարսելից, Բրյուսելից և այլ վայրերից ներգաղթող սփյուռքահայերի մեծ մասի համար դա ծանր իրականություն էր։ Բազմաթիվ որակյալ մասնագետներ հնարավորություն չունեին իրենց մասնագիտությամբ աշխատելու․ գյուղերում հիմնական աշխատանքը կոլեկտիվ կամ խորհրդային տնտեսություններում աշխատանքն էր, որին ներգաղթողները սովոր չէին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ներգաղթյալները քողարկված բողոք-նամակներ էին գրում իրենց հարազատներին՝ նրանց հորդորելով չվերադառնալ։