Play Video
19. Հայաստանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին | Համո Սուքիասյան

1939 թվականի սեպտեմբերի 1-ին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմը լրջագույն մարտահրավեր դարձավ աշխարհի ժողովուրդների, այդ թվում` հայերի համար: Պատերազմի առաջին շուրջ երկու տարին Հայաստանն անմիջականորեն չէր զգում դրա հետևանքները: Իրավիճակը փոխվեց երբ 1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը, ինչպես բանաձևվում էր խորհրդային պատմագիտության կողմից տասնամյակներ շարունակ: Թեև Խորհրդային Հայաստանը ռազմական գործողությունների անմիջական թատերաբեմ չհանդիսացավ, հայությունը միևնույնն է մեծ կորուստներ կրեց: Ըստ պատմագիտական հետազոտություններում առկա տեղեկատվության` պատերազմին մասնակցել է շուրջ 500-600 հազար հայ, որից շուրջ 200 հազարը զոհվել է, իսկ տասնյակ հազարավորներ հաշմանդամություն են ձեռք բերել: Կորուստների առումով` Մեծ Եղեռնից հետո սա հաջորդ աղետաբեր փուլն էր:

Հունիսի 22-ին և հաջորդող օրերին, ինչպես միութենական մյուս հանրապետություններում, Խորհրդային Հայաստանի տարածքում ևս տեղի ունեցան բազմաթիվ հանրահավաքներ, որոնց ժամանակ կոմունիստ առաջնորդները հայրենասիրական ճառերով էին հանդես գալիս` բնակչությանը կոչ անելով ամեն կերպ օժանդակել ռազմաճակատին: Արդեն հունիսի 23-ին ռազմաճակատ մեկնեցին Խորհրդային Հայաստանի առաջին քաղաքացիները: Պատերազմ մեկնողների ամենից ակտիվ խավը կոմունիստական կուսակցության անդամներն էին: Բոլորի մոտ այնպիսի տպավորություն էր, թե պատերազմը երկար չի տևելու, և դա լավ առիթ էր հերոսանալու և իրենց հայրենասիրական զգացմունքների մասին պետությանը տեղեկացնելու համար: Նման ոգևորություն արտահայտողների մյուս խավը նախկինում բռնադատվածների զավակներն էին, որոնք կարծում էին` պատերազմում հաղթանակը կմաքրի իրենց անձի նկատմամբ անվստահության խարանը և կհավասարեցնի մյուս քաղաքացիներին:

Իրավիճակը էականորեն փոխվեց, երբ 1941 թվականի աշնանից սկսեցին գալ «սև թղթերը»` մահվան վկայականները, երբ պարզ դարձավ, որ գերմանական զորամիավորումները շատ ավելի հզոր են և պատրաստված, քան խորհրդային բանակը, որը զիջում էր թե՛ տեխնիկապես, թե՛ սպայական կազմով, քանի որ որակյալ սպայական կազմից շատերը բռնաճնշումների արդյունքում զոհվել էին կամ բանտարկվել, իսկ բանվորագյուղացիական խավից ձևավորված հրամանատարական կազմը նոր պետք է փորձառություն ձեռք բերեր: Առաջին «սև թղթերից» հետո բնակչության վերաբերմունքը պատերազմին զգալիորեն փոփոխվեց:

Դիտեք նաև՝

Search