Play Video
18. Քաղաքական բռնաճնշումները Խորհրդային Հայաստանում | Համո Սուքիասյան

Խորհրդային ժամանակաշրջանի պատմության առանցքային իրադարձություններից մեկը քաղաքական բռնաճնշումներն են․ Միության գոյության գրեթե ողջ ժամանակահատվածում խոսքի, մամուլի, հասարակական ժողովների ազատությունը սահմանափակելուն զուգահեռ նաև քաղաքական այլախոհների նկատմամբ հալածանքներ էին տեղի ունենում։ Հայաստանում դրանք սկսվեցին անմիջապես խորհրդայնացումից հետո․ արդեն 1921 թվականի հունվարին շուրջ 400 սպա աքսորի ենթարկվեց։ Բռնաճնշումների հիմնական պատճառներից էին գործիչների անցյալը՝ նախախորհրդային շրջանում կուսակցական պատկանելությունը և ծավալած գործունեությունը, հակահեղափոխական կամ հակախորհրդային հայացքները: Պետությունն իր անվտանգության մարմիններով և ուժային կառույցներով ներկա էր հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, և ստեղծվել էր մի համակարգ, որում մարդիկ նույնպես նպաստում էին պետության և անհատների միջև նման հարաբերությունների կառուցմանը և բռնաճնշումներին։

1920-ականների կեսին Հայաստանում խնդիր դրվեց վերացնելու հիմնական ընդդիմությանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և իր գաղափարակիցներին։ 1921 թվականի ապստամբությունից հետո Դաշնակցությունն ընդհատակյա գործունեություն էր ծավալում։ Հարյուրավոր մարդիկ, հավատալով իշխանությունների խոստումներին, հայտարարեցին նախկինում ունեցած կուսակցական պատկանելությունից հրաժարվելու մասին, սակայն հենց նրանք հետագայում դարձան բռնաճնշումների առաջին զոհերը։

Ստալինի անհատի պաշտամունքի ամրապնդմանը զուգահեռ ավելի խստացվեց վերաբերմունքը բնակչության նկատմամբ։ Հաջորդ փուլը կոլեկտիվացման ժամանակահատվածն էր, երբ մեծ թվով գյուղացիների, հատկապես՝ ավելի ապահովվածներին, «կուլակներին», աքսորեցին Խորհրդային Հայաստանի տարածքից։ Բռնաճնշումների համար հող էր նախապատրաստում նաև օրենսդրությունը։ Խորհրդային Հայաստանի առաջին՝ 1922 թվականի փետրվարին ընդունված Սահմանադրությունը խտրական մոտեցումներ էր ներառում բնակչության որոշակի շերտերի նկատմամբ՝ հոգևորականների, առևտրականների, մեծ հողատերերի և վարձու աշխատանք օգտագործողների։

1936 թվականին Խորհրդային Միությունում քաղաքական բռնաճնշումները նոր փուլ թևակոխեցին․ 1936-1938 ժամանակափուլը համարվում է «Մեծ տեռորի» շրջան։ Խորհրդային Հայաստանում շուրջ քսան-երեսուն հազար մարդ այս բռնությունների զոհը դարձավ։ Ամենամեծ հարվածներից մեկը ստացան նախկին սպաները, մարդիկ, ովքեր ծառայել էին ցարական բանակում կամ Առաջին հանրապետության շրջանի զինվորականության մաս էին կազմել, հոգևորականները, մտավորականները, որոնք հասկանալով տիրող ծանր իրավիճակը՝ երբեմն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, հաճախ՝ ընկերների, մերձավորների շրջապատում․ մատնագրերի տարածված պրակտիկայի արդյունքում երբեմն նույնիսկ ընտանիքի անդամներն էին մեկը մյուսին մատնում։ Բռնաճնշումներին զոհ դարձան ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլև հենց այդ բռնությունները գործադրողներից շատերը։

Բռնաճնշումները շարունակվեցին նաև պատերազմից հետո և դրսևորվեցին ինչպես մտավորականների նկատմամբ հալածանքներով, այնպես էլ՝ բնակչության բռնի տեղաշարժերով։ 1949 թվականի հունիսիս 14-ին շուրջ 2700 ընտանիք մի գիշերվա մեջ աքսորվեց Խորհրդային Հայաստանից։ Աքսորվածների մեջ մեծ թիվ էինք կազմում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկածների ընտանիքները, դաշնակցական անցյալով ընտանիքները և հայրենադարձներ, որոնք մեղադրվում էին խորհրդային իրավակարգի նկատմամբ բացասական դիրքորոշում ունենալու մեջ։ Այս շուրջ 12-13000 անձինք տեղափոխվեցին Ալթայ երկրամաս և միայն Ստալինի մահից հետո վերադառնալու հնարավորություն ստացան։

Դիտեք նաև՝

Search