Play Video

1920-ականներին Խորհրդային Միությունում կենսագործվող նոր տնտեսական քաղաքականությունը էականորեն բարելավեց գյուղական բնակչության և քաղաքաբնակների կյանքը, այդ թվում ՝ Հայաստանում։ Արդեն 1920-ականների երկրորդ կեսին Իոսիֆ Ստալինի հրահանգով պետության տնտեսական քաղաքականությունը փոփոխությունների ենթարկվեց, մասնավորապես՝ արդյունաբերականացման և կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման ճանապարհով։ Ինչպես ամբողջ Խորհրդային Միությունում, այնպես էլ Հայաստանում սա միանշանակ չընդունվեց բնակչության կողմից։

1925 թվականի դեկտեմբերին հատուկ որոշում ընդունվեց արդյունաբերականացման մասին, որի հիմնական խնդիրն էր պետությունը արագ քայլերով զարգացնելը՝ առաջին հերթին ծանր արդյունաբերության միջոցով։ Ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք սկզբում զարկ էին տվել թեթև արդյունաբերության զարգացմանը և այնուհետև միայն անցել ծանր արդյունաբերությանը, Խորհրդային Միությունում համարում էին, որ այդքան ժամանակ չունեն կապիտալիստական երկրներին հասնելու և անցնելու համար։ Արդյունաբերականացումը մեծ ֆինանսական միջոցներ էր պահանջում, և Խորհրդային Միությունը բազմաթիվ քայլերի դիմեց այդ գումարները հայթայթելու նպատակով՝ բնակչությանը մասնակի ունեզրկելուց և էժան աշխատուժի օգտագործումից, այդ թվում՝ բռնաճնշումների ենթարկվածների հաշվին, մինչև ամենապարզ ունեցվածքի վաճառքը, օրինակ՝ ոսկու, արծաթի, ցարական ժամանակներից ժառանգություն մնացած արվեստի տարբեր գործերի, որոնք տարբեր ճանապարհներով վաճառվեցին եվրոպական երկրներում բնակվող հայտնի գործարարների և կոլեկցիոներների, այդ թվում՝ հայազգի Գալուստ Գյուլբենկյանին։

Ինչպես ողջ Միությունում, Հայաստանում էլ մեծ տեմպերով զարգացավ արդյունաբերությունը, ինչի պատճառով երկիրը բնապահպանական լուրջ վնասներ կրեց։ Քիմիական արդյունաբերության զարգացման արդյունքում Սևանա լիճը զգալիորեն տուժեց․ դրա հետևանքները մենք մինչ օրս էլ զգում ենք։ Միայն հետպատերազմյան շրջանում գիտակցելով թույլ տրված սխալը՝ խորհրդային իշխանությունները ձեռնամուխ եղան Սևանա լիճը նոր ջրային ռեսուրսներով լրացնելուն, այդ թվում՝ Արփա-Սևան հայտնի ջրատարի շինարարությանը։ Քիմիական արդյունաբերությունը զարգանում էր թե՛ Երևանում, թե՛ ներկայիս Վանաձորում, Ալավերդիում և այլուր։ Քանի որ Հայաստանը հարուստ էր մետաղներով, հատկապես՝ պղնձի, մոլիբդենի պաշարներով, կարևոր նշանակություն տրվեց Հայաստանի հյուսիսում և հարավում գտնվող պղնձահանքերի շահագործմանը։

Նոր արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումը բերում էր նաև քաղաքային բնակչության թվի ավելացմանը՝ ի հաշիվ գյուղական բնակչության։ Դրան հանգեցրին նաև գյուղատնտեսության կոլեկտիվացմանն ուղղված քայլերը, որոնց իշխանությունները դիմեցին արդեն 1927 թվականի դեկտեմբերին։ 1928 թվականից Խորհրդային Միությունը սկսեց իր տնտեսությունը պլանավորել հնգամյակներով։ Առաջին հնգամյակով նախատեսվում էր, որ Հայաստանում պետք է կոլեկտիվացման ենթարկվի գյուղական բնակչության շուրջ 17 տոկոսը, ինչը փոքր թիվ էր և մեծ դժգոհությունների չէր հանգեցնի։ Սակայն 1929 թվականին Ստալինի ցուցումով ողջ Միության տարածքում սկսվեց կիրառվել բռնի կոլեկտիվացման քաղաքականություն։ Դա բերեց մեծ հակազդեցության գյուղացիության շրջանում։

Դիտեք նաև՝

Search