Play Video
16. Հոգևորականները և պետություն-եկեղեցի հարաբերությունները (մաս 1) | Համո Սուքիասյան

20-րդ դարի ընթացքում եկեղեցու և պետության հարաբերությունները տարբեր ժամանակափուլերում տարբեր կերպ դրսևորվեցին: Հայաստանի առաջին հանրապետության շրջանում տեղի ունեցավ եկեղեցի-պետություն մերձեցման գործընթաց` պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իշխանության եկած գործիչների մի զգալի մասը Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտներ էին, կամ էլ դասավանդել էին այնտեղ, այսինքն` իրենց կենսագրության կարևորագույն փուլերում առնչվել էին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ: Արդյունքում` չնայած նրան, որ թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում քննարկվում էր եկեղեցու նկատմամբ որդեգրելիք քաղաքականության սկզբունքների փոփոխության, եկեղեցապատկան հողերի պետականացման հարցերը, 1918-20թթ. այս խնդիրների վերաբերյալ վերջնական որոշումներ չընդունվեցին: Այդ շրջանում եկեղեցին տարբեր կերպ աջակցում էր ՀՀ իշխանություններին` արտաքին հարաբերություններից մինչև միջկուսակցական խնդիրների կարգավորման գործընթացները:

Խորհրդայնացումից հետո լիովին նոր իրավիճակ ստեղծվեց: Դրան նախորդող տարիներին Խորհրդային Ռուսաստանում եկեղեցին ծանր օրեր էր ապրել. քաղաքացիական պատերազմի ընթացքում Վլադիմիր Լենինի ղեկավարած կուսակցությունը ռուս ուղղափառ եկեղեցու ունեցվածքի թալան էր կազմակերպել` դա հիմնավորելով նրանով, որ հարյուրամյակների ընթացքում հավաքված այդ ունեցվածքը ժողովրդինն է և պետք է ծառայի ժողովրդին, այս դեպքում` բոլշևիկյան կուսակցությանը:

1920 թ. դեկտեմբերի 17-ին Խորհրդային Հայաստանի հեղկոմը դեկրետ ընդունեց եկեղեցական գույքի բռնագրավման մասին: Սա վերաբերում էր և՛ Հայ առաքելական եկեղեցուն, և՛ մյուս կրոնական հաստատություններին: Անշարժ գույքից բռնագրավվեցին Մայր Աթոռի վեհարանի նոր շենքը, Զվարթնոցի տաճարը, էլեկտրակայանը, տպարանը և բազմաթիվ այլ հաստատություններ: Շարժական գույքի դեպքում առաջին հերթին բռնագրավվում էին արծաթյա և ոսկյա իրերը, սպասքը:

Հաջորդիվ արգելվեց դպրոցներում կրոնական առարկաների ուսուցումը, ինչպես նաև` հոգևորականների մուտքը եկեղեցի: Խիստ սահմանափակվեցին հրատարակչական գործունեությամբ զբաղվելու և կրոնական արարողությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև հոգևորականների ազատ տեղաշարժը, արգելվեց մոմավաճառությունը, բարձր հարկեր և տուրքեր նշանակվեցին հոգևորականների նկատմամբ: Բացի այդ, հակակրոնական քաղաքականության արդյունքում կոմսոմոլ պատանիները հաճախ ավերում և թալանում էին եկեղեցիները, ծաղրում հոգևորականներին: Իսկ արդեն 1930-ականների կեսերին սկսված բռնաճնշումների շրջանում Խորհդային Հայաստանում մնացած մի քանի տասնյակ հոգևորակնների մեծ մասն ուղղակի ձերբակալվեց և աքսորի կամ մահապատժի ենթարկվեց:

Դիտեք նաև՝

Search