Play Video

Հայաստանի խորհրդայնացումից հետո Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ձեռնամուխ եղավ պետության բոլոր բնագավառներում և հանրային կյանքի բոլոր ոլորտներում միակուսակցական, տոտալիտար համակարգի ձևավորմանը։ Դա իր արտացոլումը գտավ նաև մամուլի, տպագրության, արվեստի բնագավառներում՝ կոմկուսի քաղաքականության սկզբունքների տեսքով, ինչը նաև երկարատև գործընթացի սկիզբ դարձավ։ Կարող է թվալ, թե այդ ամբողջ վերահսկողական համակարգը միանգամից հաստատվեց, բայց փաստն այն է, որ գրեթե ողջ 20-ական թվականներին այս համակարգը քայլ առ քայլ ստեղծվում և կատարելագործվում էր։

1920-ականներին Խորհրդային Հայաստանի կառավարությունը մամուլի և տպագրության մասին, առանձին որոշումներ չի ընդունել, քանի որ 1920թ․ դեկտեմբերի 21-ի Հայհեղկոմի դեկրետով՝ Խորհրդային Հայաստանի տարածքում գործածվելու էին Խորհրդային Ռուսաստանի օրենքները՝ որոշակի փոփոխություններով հանդերձ։ Մամուլի դեպքում գործածվում էր Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորի՝ 1917 թվականի հոկտեմբերի 27-ի մամուլի մասին դեկրետը, որով բոլշևիկյան կուսակցությունն իր վերաբերմունքն է դրսևորել մամուլի նկատմամբ։ Հատկանշական է, որ բոլշևիկները Ցարական Ռուսաստանում մամուլի անազատությունից ամենաշատը տուժած խավն էին, և կարող էր տրամաբանական թվալ, որ իշխանության գալուց հետո իրենք լիակատար ազատություն էին շնորհելու մամուլին։ Բայց իրականությունը լրիվ այլ էր։

Ճիշտ է՝ վերոնշյալ դեկրետը համարվում է ժամանակաշրջանի ավելի լիբերալ ակտերից մեկը՝ ամբողջ աշխարհի մակարդակով, բայց այդ ակտով ուղղակի արձանագրվում էր, որ խորհրդային պետությունում կարող էին ստեղծվել և գործունեություն ծավալել միայն խորհրդային իշխանությանը համակիր կամ նրա կողմից ստեղծված լրատվամիջոցները, այսինքն՝ միապետական ուղղվածությամբ, կամ ինչպես դեկրետում էր բնորոշվում, բանվորագյուղացիական իշխանության դեմ ուղղված գործունեություն ծավալող մամուլի միջոցները ենթակա էին փակման։ Իսկ արդեն 1921 թվականի հուլիսից սկսած մամուլի նկատմամբ ռազմական գրաքննություն էր կիրառվում։

Արվեստի բանագավառը ևս պետության կողմից կտրուկ վերահսկողության ենթարկվեց։ Լուսավորության ժողկոմատի կազմում գործող արվեստի բաժինը 1921 թ․ հունվարի սկզբին մի քանի համաժողով հրավիրեց Երևանում, որտեղ արվեստի բնագավառի մասին մի քանի դասախոսություններից հետո ընդունվում էին բանաձևեր և որոշումներ, թե ինչպիսի ստեղծագործություններ պիտի բեմադրվեն և ցուցադրվեն խորհրդային բնակչության համար, ինչն է ցանկալի, ինչը՝ ոչ։

Դիտեք նաև՝

Search