Play Video

Երկրագնդի բնակչության գենետիկական բազմազանությունը բաժանվում է երկու մասի՝ բազմազանություն էթնիկական խմբերի ներսում և բազմազանություն այդ խմբերի միջև։ Ընդ որում, գենետիկական բազմազանությունը ոչ հավասարաչափ է բաշխված․ մարդկանց տարբերությունների 85 տոկոսը գրանցվում է էթնիկական խմբերի ներսում, մինչդեռ ժողովուրդների միջև տարբերությունն ընդամենը 15-20 տոկոս է կազմում։ Դեռ ավելին, չկա որևէ գենետիկական հատկություն, որը բնութագրում է միայն հայերին կամ այլ ժողովրդի։ Այս փաստը շատ դժվար է ընկալվում այն մարդկանց կողմից, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես է ընթացել գենոֆոնդի զարգացումը հազարամյակների ընթացքում։

Մարդ բանականը ձևավորվել է շուրջ 350,000 տարի առաջ, իսկ Աֆրիկայից դուրս է եկել մոտ 50-60,000 տարի առաջ։ Գենետիկայի տեսանկյունից սա զարգացման շատ կարճ պատմություն է, օրինակ՝ կապիկների գենետիկական էվոլյուցիան տեղի է ունեցել շուրջ 100 միլիոն տարվա ընթացքում, ինչի արդյունքում էլ նրանց շրջանում շատ ավելի մեծ է բազմազանությունը։

Տարբեր էթնիկական խմբեր ներկայացնող մարդկանց միջև նմանությունները զգալիորեն ավելի շատ են քան տարբերությունները։ Այնուամենայնիվ, գոյություն ունի գենետիկական ինքնություն և գենոֆոնդի որոշակի կառուցվածք, որը բնորոշ է առանձին ժողովուրդների և կարող է արտահայտվել արտաքին տեսքում, արյան խմբերի բաշխվածության մեջ և այլն, սակայն տարբերություններն ավելի քիչ են նկատվում նույն տարածաշրջանում ձևավորված և զարգացած ժողովուրդների դեպքում, քանի որ աշխարհագրորեն մոտ ժողովուրդները մոտ են նաև գենետիկորեն։

Դիտեք նաև՝

Search