Շարիաթը Ալլահի կողմից տրված օրենքն է. այն չկատարելը մեղք է: Ֆիկհը շարիաթի ըմբռնումն է: Ֆակեհն կրոնի ու իրավունքի այն գիտակն է, որ բացատրում է՝ ինչպես կիրառել շարիաթի դրույթները: Տարակարծությունն իսլամում իբրև հերետիկոսություն չէր դիտարկվում, և Ղուրանի շուրջ տարաձայնությունները լուծվում էին մուջթահիդների կողմից: Ֆակիհներն ու մուջթահիդները ժամանակի ընթացքում սկսում են միավորվել տարբեր դպրոցների և ուղղությունների:
Ֆիկհը բաժանված էր չորս ոլորտների՝ կրոնական, ամուսնության, սոցիալական և առևտրային հարաբերությունների և քրեական: Դրանց հիմքում չորս աղբյուրներն էին՝ Ղուրանի այաները, Սուննան (թեև կեղծ հադիսները թվով շատ էին), մուջթահիդների փոխհամաձայնությամբ ստացված որոշումները (իջմա), նախադեպի ու համանմանության սկզբունքով ստացվող որոշումները (կիյաս): Գոյություն ունեին նաև այլ աղբյուրներ (ռայ, իսթիհսան, իսթիսլահ):
Մեծ նշանակություն ուներ սովորույթը (ադաթը): Դեռևս մարգարեի կյանքի օրոք տեղական ցեղերի տարատեսակ սովորույթները ընդունվում էին շարիաթի նորմերի մեջ, եթե չէին հակասում իսլամին: Հետագայում՝ աշխարհագրական ընդլայման շրջանում, այս մոտեցումը հնարավորություն տվեց նոր բնակչությունը հաղորդակից դարձնել իսլամական գաղափարախոսությանը:
Ֆիկհի շարունակական կիրառումը սկսում է մի շարք նորամուծությունների հանգեցնել, որոնք X դարից արդեն անթուլատրելի են համարվում: Որոշվում է, որ իջթիհադն այլևս թուլատրելի չէ: