Մադինա տեղափոխվելուց հետո մարգարեի և հրեական ցեղերի հարաբերությունները լարվում են, ինչն ավարտվում է մի քանի ցեղերի վտարմամբ կամ ոչնչացմամբ: Մարգարեն այդ հողերը Ալլահի սեփականությունն է հռչակում, և ստեղծվում է այն օրենքը, ըստ որի հողը համայնքինն է, և միայն եկամուտն է սեփականացվում: Սրան զուգահեռ հիմնադրվում է նաև հարկային համակարգը՝ պետականության ճանապարհին հերթական քայլ:
Ումմայում միախառնված էին համայնական, տնտեսական, պետական և այլ ներքին հարաբերությունները, սակայն դրանք հարաբերական կարևորությունը կորցնում են համայնքում հաստատված կրոնական կապի կողքին: Ավանդական ցեղական-արյունակցական կապը, որը նախկինում մարդու միակ պաշտպանությունն էր օտար ցեղերից, այժմ երկրորդական է դառնում. առաջին պլան է դուրս գալիս իսլամը (թարգմանաբար՝ նվիրում), որը շատ ավելի բարձր տեսակի կապ է ստեղծում համայնքի անդամների միջև: Հավատացյալների կապը Ալլահի հետ ստեղծում է ումման: Մարգարեն ձևավորում է իսլամի ծիսական մասը՝ կրոնի հինգ հիմքերը կամ հիմնասյուները: Դրանք էին.
- Շահադա՝ վկայություն, որ մուսուլմանը ընդունում է Ալլահի միակությունը և Մուհամմադի մարգարեությունը:
- Հնգանգմյա աղոթքը զբաղեցնում էր մուսուլմանի օրը:
- Մուսուլմանը պիտի հարկ մուծեր (զաքյաթ): Տարբեր ապրանքների համար համապատասխան հարկեր էին սահմանված:
- Հաջ: Չնայած մեքքացիների հետ պատերազմական վիճակին, Մուհամմադը պայմանավորվածություն է ձեռք բերում քաղաքի իշխանավորների հետ, որ մուսուլմանները հնարավորություն կստանան ուխտագնացություն կատարել դեպի սրբավայր: Հետագայում՝ Մեքքայի գրավումից հետո հաջը ևս մնում է մուսուլմանների կարևորագույն ծեսը:
- Ռամադան ամսին կատարվող պասը, որի ընթացքում սնվել կարելի է միայն գիշերվա ամենամութ ժամերին:
Բացի կրոնի հիմքերից ձևակերպվում են նաև հավատի հիմքերը, ըստ որոնց մուսուլմանը պիտի հավատա Ալլահին և նրա միակությանը, մարգարեներին, Ահեղ դատաստանին, հրեշտակներին, անդրշիրիմյան աշխարհին և այլն: