Play Video

XI դարի իսլամական աշխարհում քայքայում էր ընթանում: Ներքին և արտաքին քայքայման նշաններն ակնհայտ էին X դարից՝ Բյուզանդական կայսրության արշավանքները, Կրետեի վերանվաճումը, խալիֆայության շարունակական պարտություններն ու ներքին խնդիրները վատթարացրել էին երկրի վիճակը, ինչն արտացոլվում էր կրոնի և հավատի վրա: Սուֆիականության տարածումը որոշ չափով կանխում էր հավատի անկումը, բայց սուննիական կրոնն աստիճանաբար կորցնում է ճանաչողական, իմացաբանական կարևորագույն նշանակությունը և դադարում է ժողովրդին միավորող գաղափարական հիմք ծառայել: Կրոնն իշխանավորների չարաշահումներին է ենթարկվում, իսկ հավատացյալների հարցերն ու խնդիրները այլևս չէին հասնում ֆաքիհներին և ուլեմներին: Հասարակ հավատացյլներն աստիճանաբար հեռանում էին հավատքի ակունքներից: Աբու Համիդ ալ-Ղազալին համարվում էր իսլամը վերակենդանացնողը. նրան նոր դարաշրջանի իմամ էին անվանում: «Վերակենդանացում» եզրը կապվում էր իսլամի «կիսամեռ» վիճակի հետ: Աբու Համիդ ալ-Ղազալին կարողացավ հարթել անհամաձայնությունը փիլիսոփայության, սուֆիականության և մյուս ուղղությունների միջև: Թողնելով ընտանեկան կյանքը՝ նա իրեն նվիրեց գրելուն, և մեզ է հասել իր գրչին պատկանող մոտ 70 ստեղծագործություն: Ալ-Ղազալին երեք սկզբունք է որդեգրում՝ չգնալ իշխանավորների դուռը, չմասնակցել բաց քննարկումների, չընդունել նվերներ իշխանավորներից: Այս սկզբունքները սահմանափակում են մարդու բնազդային ձգտումները, որոնք նա սովորաբար բավարարում է՝ մոռանալով հոգու մաքրման մասին: Ալ-Ղազալին իր կյանքի կարևորագույն գործն էր համարում դասավանդումը՝ տարիների իր մտածմունքներն ու գիտելիքները երիտասարդների հետ կիսելը: Ալ-Ղազալիին հաջողվեց միավորել սուննիական իսլամը սուֆիական ներքին կյանքի հետ՝ շեշտադրումը տեղափոխելով հավատացյալի վրա: Մարդ պիտի մտածի հավիտենության մասին՝ օգտվելով այն ամեն ինչից, ինչ տվել է Ալլահը: Մարդը ստեղծվել է Ալլահի կողմից իբրև մի քաղաք, որում ուղեղը կառավարիչն է, ճանաչելու ունակությունները զորքերն են, զգայարաններն իր զինվորներն են, հոգու չար մղումները թշնամիներն են, իսկ մարմինը սահմանն է: Ուղեղն այնպես պիտի կառավարի այդ քաղաքը, որ այնտեղ հոգի լինի: Ալ-Ղազալին շարիաթի կողմնակից էր, բայց կարևորում էր նաև հոգու կատարելագործման սուֆիական ճանապարհը: Միջնադարյան հեղինակները ալ-Ղազալիին գնահատում էին փիլիսոփայույթյանը հասցված նրա «հակահարվածի» համար:

Դիտեք նաև՝

Search