Նոր գիտելիքը համակարգվելու և մեթոդաբանական նոր մոտեցման կարիք ուներ: Մի նոր գիտություն ստեղծվեց, որն ի սկզբանե աշխարհիկ էր, տարաբաժանվում էր կրոնական գիտելիքից և դրանով սկզբունքորեն տարբերովում էր միջնադարյան Եվրոպայի փիլիսոփայությունից: Կրոնական գիտելիքը ենթադրում էր, որ Ալլահն ամենագետ է, իսկ մարդը նվիրվում է Ալլահին՝ ամբողջովին ենթարկվելով իրեն:
***
Ալ-Ֆարաբին ասում է, որ կա երկու տեսակի գիտելիք (էզոթերիկ և էկզոթերիկ) և երեք տեսակի գիտակցություն: Մի գիտակցությունը պատկանում է ամբոխին, այն կրավորական գիտակցություն է: Այն չի ծնում, այլ ազդվում է: Երկրորդ գիտակցությունը փիլիսոփաներինն է՝ ձեռքբերովի գիտակցությունը: Դրան հասնում են ջանքերի, բանականության շնորհիվ: Երրորդ գիտակցությունը գործունեականն է: Այն գալիս է Ալլահից և փիլիսոփային ստիպում է երկրորդ տեսակի գիտակցություն ձեռք բերել: Կրավորական գիտակցություն ունեցող ամբոխը պիտի ստանա այն, ինչ ունակ է ընկալել. կառավարիչը պարզ լեզվով է դիմում ամբոխին՝ ասելով միայն պարզ իմաստները: Ֆաքեհները՝ կրոնական մտածողները, մարդկանց իրենց երևակայությունից բխած պատկերացումներ են տալիս, իսկ փիլիսոփաները մարդկանց տալիս են հաստատուն գիտելիք, որը բխում է ապացույցների համակարգից: Ալ-Ֆարաբին փիլիսոփայությունը համարում է արվեստ, որն օգնում է ստանալ իրերի ճշմարիտ էությունը մարդու հատուկ ունակությունների շնորհիվ. մարդ պիտի հասկանա, թե ինչն է իրական, ինչն է իրերի հիմքում: Փիլիսոփայությունը ձևակերպվում է իբրև գիտելիքի մի տեսակ, որը չի հակասում կրոնական գիտելիքին, բայց փորձում է պարզել իրերի էությունը, իմաստները, կապերը: Փիլիսոփաները պիտի կառավարեն Ալ-Ֆարաբիի կողմից նկարագրված արդար, բարեպաշտ քաղաքը, որը հստակորեն բաժանված է հիերարխիաների, և որի հասարակական շերտերը՝ կառավարիչները, հարուստները, արհեստավորները և այլոք, իրենց որոշակի գործառույթներն ունեն: Այդպես է լուծվում փիլիսոփայության կարևորագույն խնդիրներից մեկը՝ արդարության վրա հիմնված աշխարհի փնտրումը: