Այս առաջին երեք շրջանները լեզվի և ոճի առումով շատ գեղեցիկ են, շատ հարուստ են տարբեր տիպի այլաբանություններով, համեմատություններով, պատկերներով: Հետաքրքիր է, որ այս տեքստում մենք հաճախ հեթանոսության էլեմենտներ ենք տեսնում, օրինակ՝ ասվում է «երդվում եմ լուսնով», «երդվում եմ կիսալուսնով», «փոփոխվող քամով» և այլն: Ոճն այնպիսին է, որ տեքստը դարձնում է լսելի: Սրա հետ կապված մի պատմություն կա, որը մեզ է առնչվում: Հանճարեղ Գրիգոր Մագիստրոսը իր թղթերից մեկում գրում է, որ Պոլսում հանդիպել է Մանուչե անունով մի տաճիկի և իրենք վեճի են բռնվել: Մանուչեն սկսել է պնդել, որ իրենց Ղուրանն Ալլահն է արարել և դա հիմնավորել է այն հանգամանքով, որ այն հանգավորված է: Մագիստրոսը պատասխանել է, որ ինքը կարող է գրել Հիսուսի ճանապարհը՝ ամբողջությամբ հանգավորված և եթե ինքը հաջողի, ուրեմն Մանուչեն պետք է քրիստոնյա դառնա, իսկ եթե չհաջողի, ուրեմն ինքը պետք է դառնա մուսուլման:
Սա խոսում է տեքստի մի այնպիսի գեղեցկության մասին, որը ստիպում է մարդկանց մտածել, որ այդ տեքստը չի կարող սովորական մի տեքստ լինել: Նրանք սկսում են մտածել, որ այն գերբնական է և տրված է ի վերուստ: Տեքստի այդ ադեցիկությունն ու լարվածությունը գրավում էր լսողների ուշադրությունը:
Կարևոր է նշել, որ այդ մշակութային սահմաններից դուրս գտնվող ցանկացած մարդ, եթե կարդում է Ղուրանի տեքստը, ոչինչ չի հասկանում: