1095թ. Կլերմոնում Ուրբանոս II պապը քրիստոնյա աշխարհին կոչ արեց զորքով ուղևորվել դեպի Երուսաղեմ՝ Խաչակրաց առաջին արշավանքի: Արշավանքի և դրա նախադրյալների մասին տարբեր հեղինակների կողմից աշխատություններ են գրվում արդեն մեկ հազարամյակ շարունակ, սակայն արևմտյան գիտության մեջ չկան սպառիչ աշխատություններ արևելյան տեսակետի վերաբերյալ: Մուսուլման հեղինակների մեջ տարածված է հիմնական երկու մոտեցում՝ ծայրահեղ մերժողական, քննադատական մոտեցումը և աղբյուրագիտական ուսումնասիրությունները, որոնք գնահատականներից զերծ են փորձում մնալ:
Արշավանքների սկզբին Ֆաթիմյան խալիֆայության զորքը՝ ծագումով հայ Ալ-Աֆդալ իբն Բադր ալ-Ջամալիի գլխավորությամբ, գրավեց Երուսաղեմը: Ասասինների կողմից մինչ այդ իրականացված սպանությունների հետևանքով Սելջուկյան թագավորությունը ներքին ճգնաժամի մեջ էր: Ալ-Աֆդալը, հավանաբար, փորձում էր կապեր հաստատել եվրոպացիների հետ, որպեսզի պահպաներ Ֆաթիմյան Եգիպտոսը սելջուկական սպառնալիքից: Ենթադրաբար, Երուսաղեմի գրավումը նախատեսված էր հետագայում այն ֆրանկական զորքերին որպես հաշտության երաշխիք փոխանցելու համար:
Խաչակրաց արշավանքից հետո ստեղծվեցին քրիստոնեական թագավորությունները՝ Երուսաղեմի թագավորության գլխավորությամբ: Այնուամենայնիվ, խալիֆայությունում խաչակիրների նկատմամբ վերաբերմունքը դեռևս այնպիսին չէր, որ սրբազան պատերազմ սկսվեր:
Ջիհադը նախկինում իրականացվում էր որպես սրբազան պարտականություն, սակայն, հիմնականում, Բյուզանդական կայսրության դեմ կանոնավոր արշավանքների ձև էր կրում, և ժամանակի ընթացքում դրա գործառույթները նվազում էին: Խաչակրաց առաջին արշավանքը մուսուլման մտածողների վրա սթափեցնող կտրուկ ազդեցություն ունեցավ: Կարծիք հատնվեց, որ Ալլահը պատժում է մուսուլմաններին ինքնիշխանության ու հպարտության կորստի համար՝ խաչակիրներին ուղարկելով պատերազմի: Ջիհադը կոլլեկտիվ պարտականությունից վերածվեց անձնական պատասխանատվության: