XI-XII դարերի մուսուլմանական միջավայրում ջիհադի համակարգի կազմակերպման վերաբերյալ քննարկումներ էին ընթանում: Քննարկումների էությունն այն էր, որ ջիհադի հիմքում պիտի լինի անհատի ձգտումն այն իրականացնելու: էական նշանակություն ունեցավ ղազիների (զինված պայքար վարողների) ասպարեզ գալը: Ղազին այն հավատացյալն էր, որն իբրև իր հիմնական պարտականություն է գիտակցել անհավատների դեմ զենքով պայքարելը և ումմայի պաշտպանությունը: Խաչակրաց արշավանքների սկզբին նրանք տեսան քրիստոնեական ռազմահոգևորական միաբանությունների՝ հոսպիտալյերների, տամպլիերների կազմակերպչական մեթոդները, կարգապահությունը, անձուրացությունն ու նվիրումը հավատքին: Մուսուլմանական միջավայրում ևս սկսեցին առաջանալ այդպիսի համակարգեր՝ տարիկատներ: Տարիկատը՝ սուֆիականության մեջ ձևավորված Աստծո միստիկական ճանաչման ճանապարհը, որն ունի իր կանգառներն ու աստիճանները, հալերը (վիճակները), պրակտիկաները՝ զիքրերն և այլ վարժանքները, վերափոխվեց: Քրիստոնեական միաբանությունների ձևաչափով վերակազմավորվելով՝ նոր տիպի տարիկատները վերածվեցին ֆորմալ կազմակերպությունների, որոնք ունեն ստորաբաժանումներ, հիերարխիկ հստակ կառուցվածք, պաշտոններ ու աստիճաններ: Այս «միաբանություններում» սկսում են միավորվել ղազիները՝ որպես տարիկատի զինվորներ: Այսպիսով, XII դարում դրվեցին տարիկատների՝ որպես ռազմականացված միաբանությունների ձևավորման հիմքերը: Տարիկատը դառձավ այն միջնորդող օղակը, որը հավատացյալին օգնում է միանալ ջիհադին: