Ջիհադ (ջահադա)՝ ջանք գործադրել, ջանասիրաբար վերաբերվել:
Ջիհադն այն ջանքն է, որը գործադրվում է Ալլահին հասնելու ճանապարհին և բաժանվում է մի քանի տեսակի: Ներքին ջիհադը մարդու պայքարն է սեփական բնազդների ու պիղծ ցանկությունների սանձահարման համար: Խոսքի ջիհադը առ Ալլահ հավատքի քարոզն է ու տարածումը: Սրի ջիհադը, որը սկզբնապես պաշտպանական նշանակություն է ունեցել, ջիհադի հիմնական տեսակը չի եղել, ի հակառակ տարածված կարծիքի:
VIIIդ. կեսերից սկսեցին ջիհադին վերաբերող գրքեր գրվել, և այդ ժամանակից սկսում է կարևորվել սրի ջիհադը: Ղուրանում էական տեղ են զբաղեցնում այլադավանների հետ վարվելու մոտեցումները: Ջիհադի իրականացման մի քանի սահմանափակող սկզբունքներ են օգտագործվում՝ մարտերի թուլատրելի տեսակի, երեխաների, կանանց և տարեցների սպանության և այլն: Ջիհադի գաղափարը սկսում է օգտագործվել ներքին անհնազանդությունները ճնշելու նպատակով՝ դրանց մասնակիցներին անհավատ հայտարարելու միջոցով: Այդ որոշման կայացման ընթացքում կարևոր էր դատավորների դերը. նրանք էին «պետական պատվերով» բավարար հիմնավորումներ գտնում ապստամբներին անհավատ հայտարարելու համար:
Աբասյանների և Օմեյանների հակամարտության ընթացքում երկու կողմերն էլ ձգտնում էին ջիհադ հայտարարել միմյանց դեմ: Աստիճանաբար արժեքազրկվում է նաև խալիֆների ինստիտուտը՝ ջիհադ հայտարարելու որոշում կայացնող աղբյուրը: Այս իրադարձության հետևանքով սրի ջիհադի օգտագործումը նվազում է: