Play Video

Ալլահն անում է ամեն ինչ, որպեսզի հեշտացնի իրեն երկրպագելու գործը: Ղուրանում ասվում է, որ այն, ինչ լավ է ումմայի համար, լավ է նաև Ալլահի համար. այն, ինչ չի արգելվել, թուլատրված է:

Ի՞նչն է արգելված իսլամում: Բացի հիմնական կրոնական հայացքները ու պարտավորությունները խախտելուց գոյություն ունեն մի շարք առօրեական արգելքներ: Մուսուլմանին արգելված է սնվել սատկած կենդանիների մսով, արյունով և այն կենդանիների մսով, որոնց մորթելու ընթացքում չի ասվել Ալլահի անունը: Հատուկ մի արգելք վերաբերում է խոզի մսին. խոզը կեղտոտ կենդանի է համարվում:

Արգելքներից մեկը վերաբերում է նկարչությանը: Արարչության «իրավունքը» միայն Ալլահին է պատկանում, ուստի մուսուլմանին արգելված է մարդ ու կենդանի պատկերելը: Մարդկային ու կենդանական պատկերների արգելքի հետևանքով մուսուլմանական երկրներում մեծ ծաղկում ապրեց զարդանախշային արվեստը: Իսլամական պատկերամարտում բացառություն էին շիականության մեջ տարածված մանրանկարչական արվեստում տեղ գտած մարդկային կերպարները. ըստ հադիսի, թուլատրվում է մարդ նկարել, եթե պատկերը անավարտ է:

Տղամարդկանց արգելված է ոսկի ու մետաքս կրելը, սակայն արգելքը խիստ չէ: Կանանց, չնայած նրանց փակ հանդերձանքին, թուլատրված է ոսկի կրել և օծանելիք օգտագործել: Երաժշտությանը վերաբերող արգելքը դարերի ընթացքում բազմաթիվ վեճերի պատճառ է եղել: Դրա հիմքում է այն դրույթը, որ երաժշտությունը հավատացյալներին շեղում է Ալլահին երկրպագելուց: Անարդար իշխանավորի դեմ ապստամբելը արգելված է, բացառությամբ այն դեպքերի, երբ իշխանավորը հրաժարվում է իր կրոնից:

Իսլամում գործում է մի կարևորագույն սկբունք՝ հետևի՛ր խրախուսելիին և ձայնդ բարցրացրու՛ պախարակողի դեմ: Պախարակման դեմ պետք է դուրս գալ գործերով և մտքերով, իսկ խրախուսելին վերաբերում է կյանքի ողջ ընթացքին և, նույնիսկ, աննշան մանրուքներին:

Դիտեք նաև՝

Search