Խալիֆայությունը քայքայվում է՝ բաժանվելով անկախ և կիսանկախ մասերի: Հասարակությունը շերտավորվում է. ցոփ ու շվայտ կյանքով ապրող վերնախավ է ձևավորվում: Սոցիալական անհավասարությունը սկսում է սկզբունքորեն հակասել ումմայի օրենքներին, որոնք ձևավորվել էին դեռևս մարգարեի օրոք: Կրոնական հիմնահարցերի մեկնաբանություններից իսլամի տարատեսակ ճյուղավորումներ են առաջանում: Բարքերի անկումը բերում է ալկոհոլի համատարած օգտագործմանը, մինչ այդ արգելված միասեռականության տարածմանը, տնտեսական անարդարությանը: Կրոնական գործիչների արձագանքը բիդայի (նորարարությունների) մերժումն է՝ Ահմադ իբն Հանբալի շուրջ ձևավորված արմատական պահպանողական շարժումը: Կրթական համակարգը սկսում է փոխվել, գիտելիքի մատուցման նոր ու պարզեցված ձևը թերևս դժվարությամբ էր ընդունվում հադիսագետների կողմից:
***
Պատմական գիտելիքի ձևավորման ընթացքում երկու առանցքային եզր է սահմանվում: Թարիխ (տարեթիվ) եզրը տարեգրություն է նշանակում, իսկ անտիկ մշակույթից ժառանգված ուստուրա (պատմություն) եզրը առասպելի՝ ոչ ճշգրիտ գիտելիքի իմաստով է օգտագործվում: Եզրերի այս տարբերությունը պատմական գիտելիքի ճշգրտության դասակարգման մի տեսակ է: Տարատեսակ գիտակարգերի առաջացման և անտիկ ժառանգության համակարգված թարգմանության հետ մեկտեղ նոր դասակարգման անհրաժեշտություն է հայտնվում. որոշակի սկեպսիս է առաջանում շրջակա աշխարհին վերաբերող կրոնական գիտելիքի հանդեպ: Ար-Ռավանդին հավակնում է հերքել Ղուրանի բացարձակ հեղինակությունը և այն իբրև հասարակ գրականություն մեկնաբանել, իսկ բանաստեղծ Աբու ալ-Ալա ալ-Մաարրին մարդ-Աստված հարաբերությունների և կրոնի վերաբերյալ նոր տեսակետ է առաջարկում. ըստ նրա պնդման, կրոնների տարբերությունը մարդու կողմից է ստեծղված: Ալ-Մաարրին իր ստեղծագործություններում անդրադառնում էր Աստծո, դրախտի, հավատքի մասին պատկերացումների պարզունակությանը՝ հետագայում ազդելով, հավանաբար, Դանթեի վրա: Ինտելեկտուալ կյանքի այս փոփոխությունների մեջ ծնվում է արաբամուսուլմանական փիլիսոփայությունը: