Գոյության ամենավաղ շրջանից խալիֆայությունն ալեկոծվում էր կրոնական պատերազմներով և ապստամբություններով: Կրոնական շարժումները հաճախակի արտահայտում էին խալիֆայությունում ստեղծված սոցիալական և տնտեսական տարատեսիկ խնդիրներ, սակայն, որոշ դեպքերում բացարձակ կրոնադիցաբանական էություն ունենում էին: Զուգահեռաբար ընթանում էր խալիֆայության քայքայումը. տարբեր նահանգներում առանձնանում էին անկախ և կիսանկախ պետություններ և էմիրություններ: 950-1150թթ. ժամանակաշրջանը համարվում է մեծ վերափոխումների շրջան: Առաքինի խալիֆների, Օմեյան խալիֆայության և Աբբասյան իշպանության առաջին դարի ընթացքում կառավարման համակարգ է ստեղծվում և կատարելագործվում: Հաջողված նվաճողական պատերազմներից հետո տարածաշրջանով սփռված արաբական ցեղերը բնիկներին չպարտադրեցին սեփական բարքերը, այլ փոխարենն օգտագործեցին տեղական կառավարական համակարգերը: Այնուամենայնիվ, խալիֆայությունը ամբողջական մի համակարգ էր պահանջում:
Նվաճված ժողովուրդների ներկայացուցիչները հետզհետե թափանցեցին կառավարական համակարգը: Ստեղծվեցին շարիաթի այն մասերը, որ մինչ այդ գոյություն չունեին: Մուհամմադի հադիսները էգալիտար էին և ումմայի հավասարության սկզբունքի վրա էին հիմնված, սակայն ֆեոդալանացման գործընթացում գտնվող արաբական ցեղերը ստիպված էին փոխել ապրելակերպը, մտածելակերպը, ծեսերը և այլն: Օմար խալիֆը ստեղծեց բանակը հարկերով պահելու գործող համակարգը: Աբբասյանների օրոք հաստատվում է այլազգի բանակներ օգտագործելու ինստիտուտը. դրանք ներգրավված չէին խալիֆայության ներքին հարաբերություններում: Փոփոխված ներքին իրավիճակի հետ մեկտեղ սկսում է փոփոխվել շարիաթը. նորանոր դրույթներ ու հադիսներ են հայտնաբերվում: Հողատերերի ազդեցությունը մեծանում է, և նրանց կողմից որոշակի ճնշում և հովանավորություն է հաստատվում թույլերի հանդեպ: Կալվածատերերը հետզհետե կիսանկախ կարգավիճակ հաստատեցին՝ հարկեր վճարելով: Աբբասյանների իշխանության շրջանում իսլամ ընդունած այլազգիների ազդեցության աճը լեգիտիմ դարձավ: