Օմեյանների իշխանությունը նույնացվում են արաբականության հետ. այդ ժամանակահատվածում խալիֆայությունը ամբողջապես արաբական էր: Այստեղից է առաջանում ոչ արաբ մուսուլմանների՝ Դամասկոսում ծագած շարժումը սեփական սոցիալական, իրավական և տնտեսական կարգավիճակի պաշտպանության համար: Օմեյանների իշխանության վերջին տարիներին խալիֆայության ներսում ծայրահեղ անհանգիստ իրավիճակ էր. Իրաքում, Արաբական թերակղզում ապստամբում են ստրուկները, խարիջիները, շիաները: Այդ ժամանակ նոր թափ է ստանում Աբբասյանների՝ մարգարեի հորեղբայր Աբբասից ծագող ազդեցիկ և բազմազավակ ցեղի քարոզչությունը: Աբբասյանները իշխանության մեծ հավակնություններ ունեին՝ Օմեյաններին իշխանություն բռնազավթողներ համարելով:
Աբբասյանների ապստամբությունը հաջողությամբ պսակվեց: Սաֆախի, իսկ այնուհետև Ջավար ալ-Մանսուրի ջանքերով Օմեյանների տոհմը վերանում է, բացառությամբ Աբդ ալ-Ռահմանի, որը, փախչելով Անդալուսիա, հիմնում է Օմեյան իսպանական տոհմը և Օմեյան խալիֆայությունը:
Աբբասյան քարոզչությունն իր հաջողությամբ պարտական էր շիական ուժերին, որոնց համակրանքն այն վայելում էր: Հասանի ու Հուսեյնի սպանությունից հետո Օմեյանների հանդեպ պահպանված ատելությունը զգալիորեն նպաստեց մարգարեի հետ արյունակցական կապի մեջ գտնվող Աբբասյանների ու շիաների միջև դաշնությանը: Հետզհետե Աբբասյանները հաստատվում են խալիֆայության գահին՝ վերացնելով հնարավոր մրցակիցներին: