Play Video

Երբ անհատը բախվում է պրոբլեմների, շատ կարևոր է, որ նա պրոբլեմի լուծման գործընթացում առաջին հերթին դիտարկի սեփական ռեսուրսները, հատկապես եթե դա վերաբերվում է անձի անհատական աճին ու զարգացմանը։ Սա էական նշանակություն ունի հատկապես երիտասարդների համար, քան որ նրանք, ավարտելով ԲՈՒՀ-ը կամ ընտրելով իրենց մասնագիտությունը դպրոցից ԲՈՒՀ անցման ճանապարհին, փորձում են ճանաչել իրենց իսկ սեփական հնարավորությունները, այսինքն՝ ներքին ռեսուրսները, և նաև արտաքին հնարավորությունները՝ այն, ինչ կարող է իրենց առաջարկվել պետության, այլ կազմակերպությունների կողմից։

Հաճախ հանդիպում են մարդիկ, որ սեփական պրոբլեմների համար ավելի շատ հակված են մեղադրել արտաքին միջավայրը՝ առանց դիտարկելու, թե որպես անհատ՝ իրենց ինչ ռեսուրսներ կարող են ունենալ։ Այս հարցի լուծումը կարելի է գտնել SWOT (ՈՒժեղ և թույլ կողմեր, հնարավորություններ և վտանգներ) վերլուծության միջոցով, որը ռազմավարական կառավարման ոլորտի մեթոդներից է։ Այն կիրառվում է կազմակերպությունների ողջ ներուժը վերլուծելու ու բացահայտելու նպատակով, որպեսզի այնուհետև կազմակերպությունը մշակի առաջխաղացման ռազմավարություն։ Այս մեթոդը կարող է կիրառվել նաև անհատի աճի, զարգացման համատեքստում, երբ անձն օգտագործի այս վերլուծության շնորհիվ ստացված առանձնահատուկ, անհատական արդյունքները իր կարիերայի զարգացման համար։

Երբ մարդ դուրս է բերում իր ուժեղ կողմերը, որոնք հիմնականում անձի վերահսկողության դաշտում են, հաջորդ քայլով պետք է ցուցակագրի իր թույլ կողմերը, որոնք ոչ միշտ ու ոչ ամբողջությամբ են վերահսկվում իր կողմից։ Երրորդ քայլով պետք է ցուցակագրվեն հնարավորությունները, այսինքն՝ բոլոր այն արտաքին գործոնները, որոնցից կարելի է օգտվել և որոնց օգնությամբ կարելի է որոշակի արդյունքներ գրանցել կամ հաջողությունների հասնել։

Վերլուծության ավարտին խիստ կարևոր է ցուցակագրել սպառնալիքները՝ բոլոր այն արտաքին գործոնները, որոնք անկանխատեսելի են և կարող են որոշակի որոշակի հանգամանքների բերումով ի հայտ գալ։

Վերլուծության բոլոր մասերը լրացնելուց հետո անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես օգտագործել ցուցակագրված կետերը հաջողության հասնելու համար։ Երբ անհատն արդեն գիտի՝ ինչ ուժեղ կողմեր ու հնարավորություններ ունի, կարևոր է, որ նա օգտագործի այդ ուժեղ կողմերը հնարավորությունները ձեռք բերելու համար։

Եթե արդեն առկա է ուժեղ կողմերի ցանկը և միաժամանակ, պարզ է՝ որոնք են սպառնալիքները, պետք է օգտագործվեն ուժեղ կողմերը՝ նվազեցնելու սպառնալիքների հնարավորությունները։ Իսկ եթե գիտենք մեր թույլ կողմերը, սակայն միաժամանակ տեղյակ ենք, որ կան հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել՝ թույլ կողմերն ուժեղացնելու համար, ապա պետք է նայենք առկա հնարավորություններին և թույլ կողմերին ու փորձենք աշխատել այն թույլ կողմերի վրա, որոնք փոխելու հնարավորությունները ցուցակում առկա են։ Պետք է նաև չմոռանալ, որ թույլ կողմերի վրա ջանք չի թափվում, ապա դրանք կարող են վերածվել սպառնալիքների։

Խիստ կարևոր է, որ կյանքի տարբեր փուլերում՝ տարբեր պրոբլեմների բախվելիս, SWOT վերլուծությանը միշտ պատշաճ ուշադրություն դարձվի և պրոբլեմը դիտարկվի որպես մի հնարավորություն կամ մարտահրավեր, որի միջոցով անհատը կարող է զարգանալ և անդադար ճանաչել ինքն իրեն՝ որպես մարդու։

Դասընթացաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Դիտեք նաև՝

Search