Play Video

«Իմ քայլը» դաշինքի առաջ տարած կրթական մոդելն ուղղված է այդ թվում շուկային՝ աշխատատեղեր ստեղծելու միտումով, սակայն նախատեսված են նաև բովանդակային բարեփոխումներ: Վերջին ամիսների ընթացքում անընդհատ խոսվում է ուսուցչի կերպարի ու պատվի վերականգնման մասին, որովհետև իրականում ուսուցիչն այսօր տնօրենի, հասարակության, ծնողների, աշակերտների ճնշման տակ է, և ցածր աշխատավարձի պայմաններում նա ստիպված է ավանդույթի ուժով շարունակել մնալ կոլեկտիվում և չկորցնել իր աշխատատեղը: Կրթության ոլորտի ապաքաղաքականացումը նույնպես շատ կարևոր է:
Կրթությունն ու գիտությունը պետք է միտված լինեն ավելի լավ անհատ, ավելի երջանիկ հասարակություն ձևավորելուն, և այստեղ շատ կարևոր է՝ ինչպիսի կրթություն ենք մենք տալիս: Այս նպատակով կրթության ոլորտով զբաղվող նոր հաստատություն պետք է ձևավորվի, բարձր աշխատավարձով նոր մասնագետներ պիտի ներգրավվեն (80-100 հոգի), և գոյություն ունեցող կառույցից (Կրթության ազգային ինստիտուտ) պրոֆեսիոնալ և փորձառու աշխատողներ պիտի ներառվեն:
***
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի ծրագիրն էականորեն տարբերվում է նրանով, որ այստեղ որպես հիմք է ընդունվում դպրոցի ինքնավարությունը. նպատակն այնպիսի դպրոց ունենալն է, որտեղ ստեղծարար ուսուցիչներ կլինեն, որոնք հնարավորություն կունենան առաջ տանել իրենց ծրագրերը՝ ելնելով երեխաների կարիքներից: Փաստացի ամեն երեխա հատուկ կարիքներ ունի, և սա ՔՈ-ի հիմնական մոտեցումն է: Այժմ նպատակը լավ մարդկանցով լավ կրթական ինստիտուտ ստեղծելն է, որոնք լավ ծրագրեր կգրեն:
Խորքային իմաստով ոչինչ չի փոխվում, որովհետև ծրագրերը գրող մարդիկ չպիտի շփվեն երեխաների հետ կամ դասավանդեն նրանց, և նույնիսկ երեխաների հետ շփում ունենալու դեպքում նրանք մի հստակ մեթոդական ուղղության կրողներ կլինեն:
Այն մարդիկ, որոնք նախաձեռնող չեն, ուրախ կլինեն Կրթության ազգային ինստիտուտի հին ծրագրերով առաջնորդվել, իսկ նախաձեռնող մարդիկ պետք է դպրոցի մակարդակով՝ առանց որևէ հաստատումներ անելու, երեխաների համար համապատասխան ծրագրեր իրականացնելու հնարավորություն ունենան: Ծնողներն իրենց հերթին ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխաները հնարավորինս լավ կրթություն ստանան:

Դիտեք նաև՝

Search