Play Video

Քաղաքական միտքը կազմված է բազմաթիվ բաղադրիչներից, որոնցից է նաև հասարակությունը, սակայն, քաղաքական ուժերն ավելի շատ լծակներ ու գործիքներ ունեն այդ միտքը լսելի դարձնելու համար: Հայաստանում պատերազմի շոկը շատերին դրդել է ապագայի մասին մտորելու, բայց և, բնականաբար, գոյություն ունի անցյալի և դրդապատճառների մասին քննարկում: Այս քննարկումներում նկատելի են առողջ միտումներ, սակայն, դրանք տարածված չեն գերիշխող սուբյեկտներում, որոնք պայքարում են իշխանության համար և քաղաքական մտքին ուղղություն հաղորդելու ավելի մեծ լծակներ ունեն: Սակայն, մտքի գերիշխող, հնչեղություն ունեցող այդ ուղղությունները հասարակության զգալի մասին չեն բավարարում:

Այս իրողությունը հասկանալու համար պետք է ձևակերպել՝ ինչ է քաղաքականը: Քաղաքականությունը հանրային կյանքը կազմակերպելու ձևերի ամբողջությունն է, իսկ քաղաքական պայքարը կոնկրետ առաջարկով այն կազմակերպելու իրավունքի և ռեսուրսի համար պայքար է: Վերջին երկար ժամանակահատվածում Հայաստանում կատարվողը կա՛մ քաղաքական չէ, քանի որ վերաբերում է ոչ թե կազմակերպման ձևերին, այլ միայն ռեսուրսներին, կա՛մ տրիվիալ քաղաքական է, օրինակ՝ կոռուպցիայի և մենաշնորհի բացառումը պարզունակ կերպով նույնացվում է կյանքի որակի և կենսամակարդակի բարձրացմանը: Այս միջավայրն անխուսափելի դատապարտված էր դեգրադացման. անթույլատրելի պարզեցումները խոչնդոտում են քաղաքական մտքի ձևավորմանը: Այդ պարզեցումներն ու պոպուլիզմը ունի ներհայկական, տեղական պատճառ. ամեն տարի կրճատվում է Հայաստանին Խորհրդային Միությունից մնացած մտավոր ռեսուրսը: Հայաստանում չկա քաղաքական մտքի արտադրող. այն ներմուծվում է այլ իրականություններից, իսկ ադապտացվելու կարողություն մենք չունենք: Այս արատավոր շրջանը ճեղքելու համար անհրաժեշտ է համաձայնության գալ, որ խնդիրները հեշտ լուծում չունեն, և զարգացնել, ֆինանսավորել գիտությունը, գիտական, այդ թվում՝ հասարակագիտական դպրոցների հիմնադրումը: Այդ դպրոցները հնարավորություն կունենան բանավեճ խթանելու, և առնվազն կկարողանան որսալ քաղաքական գործիչների սուտը:


2008-2012թթ. «հետմարտիմեկյան» քաղաքական ճգնաժամը հանդարտվեց. քաղաքական դաշտը եկավ որոշակի կոնսենսուսի: Մարդկանց առօրյա կյանքում քաղաքական գործընթացները դարձան տաղտկալի, և քաղաքականությունը շատ դեպքերում սկսեց թելադրվել ինքնակազմակերպվող խմբերի կողմից: Կարելի է կանախտեսել, որ ներկա քաղաքական ճգնաժամի հանդարտումից հետո ինքնակազմակերպվող խմբերը կրկին կբարձրացնեն որոշակի խնդիրներ և առաջարկներ՝ քաղաքական ուժերի հետ երկխոսության գնալով: Քաղաքական վակուումը նորից կլցվի ինքնակազմակերպվող խմբերի գործունեությամբ:

Դիտեք նաև՝

Search