Play Video

2018թ. հեղափոխությունը պայմանավորված էր տարբեր հանգամանքներով և եղել է մի շարք պրոցեսների արդյունք: Այն իրականացվեց անկախության արժեքները կրող սերունդների կողմից: Փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանում տիրող արժեքների լճացման հետևանքով: Հեղափոխության պրոցեսը՝ արագ մոբիլիզացումը, ակտիվությունը, շատ յուրահատուկ էր և պայմանավորված էր այն հանգամանքով, որ երիտասարդության մոտ կար հավատ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, դուրս գալ ապատիկ իրավիճակից: Երիտասարդներն իրենց վրա վերցրեցին հեղափոխության ամենադժվար՝ սկզբնական փուլը, հետագայում էստաֆետը փոխանցելով մյուս սերունդներին:

Անհրաժեշտ է հասկանալ՝ փոփոխությունների ուղղությամբ շարժումը ռեակտիվ թե պրոակտիվ գործընթաց էր. արդյո՞ք հեղափոխությունն իրականացրած երիտասարդությունը այժմ էլ է հավատում, որ որևէ բան փոխել հնարավոր է: Եթե ուսումնասիրություն անցկացնենք, կտեսնենք, որ հեղափոխության պրոցեսում մասնակցած ուսանողները ստացել են քաղաքացիական կրթություն համալսարաններից դուրս, հետաքրքրված են եղել հասարակական-քաղաքական շարժումներով:

Հեղափոխությանը մասնակցում էին բազմաթիվ սոցիալական, քաղաքական շերտեր ու խմբեր, և որոշակի պահից հետո այս խմբերից յուրաքանչյուրը սկսեց ձևավորել սեփական քաղաքական օրակարգ: Այս օրակարգերը կարող էին որոշ կետերում հատվել, բայց նաև կարող էին տրամագծորեն հակադիր լինել: Այնուամենայնիվ, նոր իշխանությունների բազային արժեքների շարքում կարելի է թվարկել իրավունքների գերակայությունն ու օրենքի առջև հավասարությունը, ազատական տնտեսության կայացումը և այլն:

Հեղափոխությունից հետո ժողովրդավարության հաստատման կարևորագույն արժեքներից մեկը վստահությունն է՝ դիմացինի, պետական ինստիտուտների նկատմամբ: Պետք է նշել, որ այս առումով չունենք մեծ փոփոխություններ, և, ավելին, հեղափոխությունից հետո գոյացել են բարձր ակնկալիքներ, իսկ երբ այդպիսի ակնկալիքները չեն բավարարվում, վստահության մակարդակը սկսում է իջնել: Հեղափոխության կայացման մյուս կարևոր ոլորտը ինստիտուտների կայունացումն ու հզորացումն է. դրանցից որոշներում առաջընթաց նկատվում է, բայց որոշներում էլ խնդիրները դեռ գոյություն ունեն: Հեղափոխությունից հետո իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկը պիտի լիներ երիտասարդության, ուսանողության ոգևորումը և ներուժի զարգացումը, սակայն, դրա նախադրյալները չեն ստեղծվել: Բուհերում փոփոխություններ չեն իրականացվել. չի փոխվել կառուցվածքը, չեն փոխվել դեկանատներն ու ուսխորհուրդները, ուսանողական կազմակերպությունները, չի բարեփոխվել ուսանողների սոցիալական տարածությունը: Պետությունը չձևավորեց երիտասարդական քաղաքականություն, որը թույլ կտար մեծացնել երիտասարդների տնտեսական ակտիվությունը, նրանց գործիքներ տալ՝ ազատ շուկայական միջավայրում կայանալու: Քայլեր չեն ձեռնարկվել ուսանողներին արտասահմանում սովորելու հնարավորություն ընձեռնելու համար, ինչի հետևանքով Հայաստանում առկա կադրային խնդիրը միայն խորանալու է մոտակա տարիների ընթացքում:

Դիտեք նաև՝

Search