Play Video

Բրիտանական մշակույթը հաճախ ընկալվում է որպես մեկ միավոր, սակայն, իրականում այն տարբեր պետությունների և ազգերի մշակույթներից է բաղկացած: Դրանք առաջին հերթին միավորող հիմնական մշակութային և սոցիալական պրակտիկան անգլերեն լեզուն է, որը որպես հիմնական բազա միավորում է մշակութային տարբեր ոլորտներ:

Անգլերենն արևմտագերմանական լեզու է և ձևավորվել է անգլոսաքսոնական բարբառներից, մասնավորապես՝ Արևմտյան Սաքսոնիայի բարբառից, որով և գրվել է գլխավոր էպիկական պոեմը՝ «Բեովուլֆը»: Անքլոսաքսերը, գաղթելով Բրիտանիայի տարածք, իրենց հետ բերում են իրենց լեզուն՝ դրա բազային մակարդակով: Այստեղ 5-րդ դարում ձևավորվում են հին անգլերենի բազային բառերն ու հարաբերություն ցույց տվող բառերը՝ ուտել, խմել, քնել, երեխա, կին և այլն: 6-րդ դարում Բրիտանիայում տարածվում է քրիստոնեությունը, և լատիներենից անգլերեն են ներմուծվում կրոնածիսական տերմիններ: Սկանդինավյան ցեղերի նվաճումների դարաշրջանում ձևավորվում են բռնության, ագրեսիայի հետ կապված մի շարք բառեր՝ դանակ, արագ, սպանել: 1066թ. նորմանները՝ Ուիլյամ Նվաճողի գլխավորությամբ, զավթում են Բրիտանիան, ինչի արդյունքում արքունիքը սկսում է ֆրանսերեն խոսել, ձեռք է բերում նոր ճաշակ ու մշակույթ՝ խոհանոցի, պարլամենտական, դատական, վարչարարական համակարգերի: Լեզվի փոփոխությունը հետաքրքիր կերպով արտացոլված է խոհանոցում. ընտանի կենադնիների անվանումները՝ խոզ, կով, ոչխար և այլն, ծագում էին սաքսոնական հիմքից, իսկ դրանցից պատրաստված ուտեստների անվանումները ֆրանսերեն արմատներ ունեին: 11-րդ դարում արքունիքը խոսում էր ֆրանսերեն, եկեղեցին՝ լատիներեն, իսկ հասարակ մարդիկ՝ անգլերեն: Արքունական և եկեղեցական լեզուները փակ համակարգ էին, և ժողովրդական լեզուն ինքնաբերաբար սկսեց փոխառություններն ադապտացնել, իմիտացնել, և պարզեցնել քերականությունը. կատարվեց հին անգլերենից դեպի միջին անգլերեն անցումը:

Մի քանի դար անց՝ վաղ ժամանակակից Անգլիայի շրջանում, տեղի ունեցավ լեզվի ամենաբուռն զարգացումը, որը սկսվեց Վերածննդի դարաշրջանում: Լեզվի և մշակույթի ձևավորման գործընթացում առանցքային դեր էր կատարում երկու կերպար: Առաջինը Ուիլյամ Շեքսպիրն էր, որը ոչ միայն բազմաթիվ պիեսներ էր գրում և ընդունված էր թագավորների կողմից (ի վերջո, բացի Շեքսպիրի մոտ 30 այլ դրամատուրգ կար), այլև անգլերենում ստեղծել էր մոտ 1700-2000 բառ՝ դրանք վերցնելով հնաբառեր, այլ լեզուների բառեր, ամբողջությամբ ստեղծելով, փոխելով խոսքի մասեր և այլն: Շեքսպիրը նուրբ տեսանկյունից անդրադառնում էր սոցիալական, մշակութային, տնտեսական հարցերին, և դրանցից մեկը՝ կախարդություն ու հմայություն, այսօր համարվում է բրիտանական մշակութային ժառանգություն: Այդ դարաշրջանի Անգլիայում կախարդության կասկածանքով բազմաթիվ կանանց էին մահապատժի ենթարկում, ինչը խրախուսվում էր անգամ թագավորի կողմից: Շեքսպիրը համարձակվում է վհուկ ների և կախարդության մասին հատվածներ օգտագործել Ռեջինալդ Սքոթի այդ ժամանակ արգելված գրքից, մասնավորապես՝ «Մակբեթում»: Սա կարծես «գրական հրավեր» լիներ Ջեյմս I-ին կախարդորսության հանդեպ վերաբերմունքը վերանայելու, և ենթադրվում է, որ Շեքսպիրն իրոք որոշակի ազդեցություն ունեցավ այս հարցում:

Երկրորդ կերպարը թագավոր Ջեյմս I-ն էր, որը հայտնի էր իբրև գրականության և թարգմանության հովանավոր: Թարգմանական մշակույթը տարածվեց դեռևս Էլիզաբեթ թագուհու կողմից. թարգմանիչները հաճախ հեռանում էին բնօրինակներից, անգամ ստեղծում էին նոր գործեր, և թարգմանչական այդ մշակույթը հետագայում հայտնի դարձավ իբրև «էլիզաբեթյան»: 1604թ. Ջեյմսն առաջարկ ստացավ Աստվածաշունչը կրկին թարգմանելու, և թարգմանության ընթացքում թե՛ բազմաթիվ բառեր ստեղծվեցին, և թե՛ կարգավորվեց ուղղագրությունը: Այնուհետև մեկուկես դարի ընթացքում կստեղծվեն անգլերենի բառարաններ: Հաջորդող դարաշրջանում անգլերենը սկսում է նվաճել ողջ աշխարհը՝ գաղութացման, առևտրի, նվաճումների միջոցով, և տարբեր աշխարհամասերում հանդիպած կենսակերպերի, մշակույթների, բնությունը նկարագրող բառերը թափանցում էին լեզու:

Հետզհետե ձևավորվում է գլոբալ անգլերենն ու գլոբալ մշակույթը: Բրիտանիայից ողջ աշխարհով տարածված անգլերենն ու մշակույթը սկսեցին հետադարձ ազդել բրիտանական անգլերենի ու մշակույթի վրա: Ինտերնետի ստեղծումը փոխում է ոչ միայն մարդկանց հաղորդակցությունը, այլև մշակույթն ու լեզուն: Կյանքի, հաղորդակցման արագ ձևերը մտնում են լեզու. կարևորվում է տարածքն ու ժամանակը: Մի շարք բառեր ու արտահայտություններ կրճատվում են և տարածվում ողջ աշխարհով՝ որպես հապավումներ:

Դիտեք նաև՝

Search