Play Video

Հնագետի ուսումնասիրության առաջնային առարկան են պատմության և մշակույթի շարժական և անշարժ հուշարձանները՝ հնագիտական ժառանգությունը, լինի այն լանդշաֆտ, հնավայր, ճարտարապետական հուշարձան թե հնագիտական արտեֆակտ: Սրանք մարդու անցյալի պատմությունը կրող նյութական օբյեկտներ են՝ մարդու կենսագործունեության այս կամ այն բնագավառը բացահայտող սկզբնաղբյուրներն ու գործիքները, որոնք կապող օղակ են մեր և անցյալի միջև: Հնագետի առաջնային խնդիրը հնագիտական ժառանգության ուսումնասիրության և գիտական լայն շրջանակներում այն ներկայացնելու միջոցով մարդկության պատմության վերստեղծումն է դրա բնական միջավայրում, անցյալի առարկաների պահպանումը և այդ գիտելիքի փոխանցումն ապագա սերունդներին:

Ինչպե՞ս է ստեղծվում հնագետի և հուշարձանի միջև կապը: Հուշարձանից կախված փոփոխվում են մոտեցումներն ու ուսումնասիրության խնդիրները: Տարբերակվում են պատմամշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները, որոնք պեղվում և ուսումնասիրվում են վերականգնման նպատակներով պետությունների, միջազգային կառույցների, կազմակերպությունների կամ անհատների նախաձեռնությամբ ու միջոցներով: Առանձին խումբ են կազմում շինարարական աշխատանքների կամ ընդերքի շահագործման հետևենաքով ի հայտ եկած հուշարձաններն ու արտեֆակտները, որոնք ենթակա են ոչնչացման և ուսումնասիրվում են փրկարարական նկատառումներով: Սակայն, անկախ հուշարձանի տեսակից ու պեղումների տևողությունից, հնագետը դրան վերաբերվում է որպես տեղեկատվության աղբյուրի:

Հնագիտական ժառանգության ուսումնասիրության ու պահպանության ռազմավարությունները նպատակ ունեն կանխել հնագիտական ժառանգության վայրերի կորուստը և ապահովել պահպանումը: Եթե վերականգնվող հուշարձաններն արդեն մշակութային ժառանգության մաս են և շահագործվում են համայնքի կողմից, ապա գիտական նպատակներով ուսումնասիրվող հուշարձաններն ու փրկված հնագիտական արժեքները մեծ մասամբ ենթակա են դառնում ընտրության՝ մշակութային ժառանգության ցանկում ներառվելու կամ չներառվելու: Թեև որոշ հուշարձաններ չեն պահպանվում, հնագիտական տեղեկատվական շտեմարանների միջոցով դրանք շարունակում են մնալ մշակութային ժառանգության մասը: Սա հատկապես կարևոր է Հայաստանի պես սեյսմիկ գոտիներում գտնվող պետությունների համար:

Հետաքրքիր և բացառիկ է հնագետի և պարբերաբար պեղվող հնավայրի միջև եղած կապը: Այն կարծես անբաժանելի ազգակցական կապ լինի, ինչպես, օրինակ, Նիկողայոս Մառն ու Անին, Էմմա Խանզադյանին և Մեծամորը, Բորիս Գասպարյանին և Արենի քարանձավը: Հնագետի ու հնավայրի այսպիսի կապը շարունակվում է նաև հետմահու, իսկ կյանքի օրոք անկախ պաշտոնական որոշումներից ու պատկան մարմինների հոգածության, հնավայրի առաջին պաշտպանը դառնում է հենց հնագետը:

Հուշարձանների հայտնաբերման ու պահպանման գործում կարևոր է նաև համայնքի դերը: Հայաստանն ամբողջովին ծածկված է հնագիտական հուշարձաններով, սակայն դրանք հաճախ վնասվում կամ ոչնչացվում են համայնքի կողմից տեղեկացվածության պակասի պատճառով: Հաճախ համայնքն իր առօրյան է ծավալում հենց հուշարձանի տարածքում, ինչպես Դաշտադեմի ամորցի պարագայում: Սակայն, համայնքի վերաբերմունքը հուշարձանի հանդեպ փոխվում է հնագետի միջամտությամբ: Նա առաջին հերթին կապ է հաստատում համայնքի բնակչության և ղեկավարի հետ, և ինչպես բնակչությունն է մասնակցում պեղումների ընթացքին, այդպես էլ հնագետն է ապրում համայնքի կյանքով:

Ո՞վ պիտի կրի հուշարձանների պահպանության պատասխանատվությանը: Անշուշտ, հնագիտական հուշարձանների համար պատասխանատու են բոլոր օղակները՝ պետական ատյաններից մինչև քաղաքացի: Հայաստանը հարուստ չէ ռեսուրսներով և արդյունաբերությամբ, և զբոսաշրջությունը երկրի զարգացման գրավականներից մեկն է: Սակայն, մշակութային ժառանգության պահպանությունը միայն զբոսաշրջության զարգացման նպատակով նույնպես սխալ է. այն մեր կենսամիջավայրի, ինքնության բաղկացուցիչն է: Վերջին տարիներին հուշարձանների պահպանության գործում որոշակի առաջընթաց կա, սակայն գործնականում դեռ առկա են բազմաթիվ թերություններ: Շատ կարևոր է հնագետների, համայնքների և մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված կառույցների միջև ճկուն համագործակցային մեխանիզմների ստեղծումը:

Դիտեք նաև՝

Search