Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Ավետիք Մեջլումյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

***

Մինչև մարտի մեկը, արա´,
Ես տեսնում էի հիերոգլիֆներ, որ երկնքին
Տիեզերանավն էր դնում-այլմոլորակ,
Հրապարակում`շշկըռ մի ժողովուրդ:

Մարտի մեկից հետո, արա´,
Պրծավ էդ երազը ու ես հանգիստ
Համ քնում եմ, համ գործի եմ գնում
Մարդիկ մեռան, ու ես պրծա էդ երազից:

Հիմի մտել ա ուղեղս որպես մրջյուն
Վազվզում ա Շանթը սպիտակ մայկով
Էդ նույնն ա, ոնց որ Արփիկից հետո Եղիշը
Հարազատների մոտ-գնաց Մայկոպ:

Շանթը լացում ա մթության մեջ
Բայց ոչ թուլությամբ, այլ – բաոբաբ:
Ոնց որ Նիցշեն կլացեր
Իրա ուժի գիտակցումից:

Բոլորս հափշտակված ենք էս տենդի մեջ
Անգամ Սերժը, որ միամիտ ու խեղճ
Տղա ա բարեսիրտ: Հափշտակված ենք:

Պետք ա նրան սիրել ու գուրգուրել
Թեկուզ սպանի մեզ էլ,
Այտոսկրերից կակտուսի տեղ
Կաճի-դրախտային ծաղիկ:

Շանթը-էդի ձեռքն ա
Մյունհաուզենի: Ճահճից սեփական գլուխը քաշող:
Պետք ա քշել էդ ձեռքը` որպես ճանճի`
Առավոտվա քաղցր քնի սադրիչ:

Շանթի աչքերը չռվել են, արա´,
Ոնց որ Եղիշի փայտերը երկնուղեշ:
Շանթ ջան, բռատ, դու մեծ սրտի տեր տղա ես
Արի քեզնից բացի էլ զոհ չպահանջենք:

Փաթթած ունեմ սաղիդ-Չեմ ուզում ապրեմ ձեր մեջ:
Կանգնած ա Շանթը սպիտակ մայկով:
Էս տեսարանը ջնջխում ա, ոնց որ –
Արփիկի մահից-Եղիշը գնում ա Մայկոպ:

Դիտեք նաև՝

Search