Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Վարդան Դանիելյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

***

Տատս ասեց՝ էն իրեք ձուն տար – Ռոբերտին տուր, 
Ասեցի՝ քնած եմ, 
Տատս ասեց՝ էն պռովուդը կառոտկի ա տալի, 
Ասեցի՝ քնած եմ, 
Տատս ասեց՝ իրեք ձվով ձվածեղ սարքեմ քեզ, 
Ասեցի՝ քնած եմ 
Տատս ասեց իրեք ձու խաշեմ կեր, 
Արդեն քնել էի, 
Տատս ասեց ”Շտո բուդեշ եսծ” 
Զարթնեցի՝ 
Տատս չէր, Կիրա Մուրատըվան էր, 
Շփոթված ասեցի՝ ”սինձ, ծնեբեկ, ճնճղապաշար” 
Ասեց ”Ծնեբեկ քո համար արդեն սարքել են, 
Ես Աստենիչեսկի սինդրուկ կսարքեմ՝ երեք ձվով 
Ու դրանով կավարտենք մեր էս դոլգի վստրեչը”, 
Ասեցի՝ զգուշ կըլնես գնալուց, քիրա, 
Էն պռովուդը կառոտկի ա տալի։ 

Դիտեք նաև՝

Search