Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Գևորգ Համբարձումյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

մեռնել՝ փոքր քաղաքում 
 
ապրելուց քաղցր է 
մեռնել քեզ համար 
և նամանավանդ առավել դյուրին: 
 
փոքր քաղաքի մարդիկ 
հաճախ մտածում են մահվան մասին 
սակայն անկարող են հավատալ 
որ դա այնքան հեշտ է. 
նրանք այնպես սովոր են դժվարություններին 
 
փոքր քաղաքի մարդիկ վանում են 
մահվան մասին մտքերն իբրև 
անհնար մի բան 
ինչպես ես վանում եմ մտքերս 
քո մասին 
 
ապրելուց հեշտ է մեռնել քեզ համար: 
ես սուրճը դառն եմ խմում (վաղուց) 
և քաղցրությունն ինձ համար միևնույն է 
 
եթե միայն իմանայիր, 
եթե միայն պատմեին քեզ 
թե որքան հեշտ են ընկնում 
մանկության հերոսները 
թե որքան հեշտ եմ մեռնում ես 
ամեն առավոտյան՝ առանց հերոսանալու 
գուցե հասկանայիր 
որ ապրել այսպես ես չեմ կարողանում 
այլ միայն մեռնել քեզ համար 
ու մեռնում եմ։ 
 
եթե միայն իմանայիր 
եթե միայն պատմեին քեզ 
գուցե գայիր մի օր առավոտյան 
սուրճի բույրով 
առաստաղից ձգված պարանը կտրելու 

Դիտեք նաև՝

Search