Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ՝ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Կարեն Անտաշյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։ Այս դեպքում կտեսնեք դա հենց վերնագրից ու առաջին տողերից։

Ներբողական. շարքային Մարտիրոսյանին

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,

ես այսօր գործից, ընտանեկան ընթրիքից,

տղերքիս քնացնելուց, սերիալս նայելուց հետո

մեծահոգաբար փորձեցի ժամանակ գտնել,

վորդի նոր դոկ բացել, ընտրել իմ սիրած տառատեսակը

ու գրել քո մահվան առիթով

այս պոստմոդեռնիստական հավակնություններով ներբողն անսեթևեթ։

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,

մեկ անգամ որ գրեցի անունդ,

արդեն հեշտորեն կարող եմ քոփիփեյսթել

ամեն հնգոտնյակը մեկ, ամեն տոնացույցը մեկ,

ամեն ռազմաշքերթը, ամեն մահազդը մեկ

մեր մյուս ախպերների, ամեն…

Չձգելու համար միանգամից ասեմ,

որ քեզ պատշաճ սգալու լիքը հեշթեգՆեր կան հերթապահ.

խոսքի՝ #հայրենիք #զինվոր #մատաղ #հերոս

փառապանծ #խոնարհվում_եմ

խոսքի՝ #նրանք_ընկան_որ_մենք #նրանք_չկան_որ_մենք

#նրան_ցանունը_մենք…

միանգամից ասեմ,

որ քեզ սգալու համար հստակ կանոնակարգ կա մշակված

և ժամանակավոր հանձնաժողով,

որը ստեղծվելուց ի վեր չի ցրվել,

հաստիքային աշխատող կա, որ ճիշտ պահին

հանդիսավոր կլռի ու կարտասվի անգամ։

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,

քո մահն արդարացնելու համար

էպիկական նախադեպեր կան

դեռ քո մշուշոտ նախնիների ձեռքով այս քարերին ծեծված

ու այս լռագրողների չեչոտ լեզուներին թույն լիզելու

մի դավադիր հաճույք

ու այս ցինիկ լրահոսում թսիկ սնոբներիս համար

հա վա՛ր, հա վա՛ր սքրոլ անելով քեզ ջնջելու,

մոռանալու լռին դավադրությունը կա:

Դիտեք նաև՝

Search