Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ՝ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Տաիշա Աբելարինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։ Այս դեպքում կտեսնեք դա հենց վերնագրից ու առաջին տողերից։

մամայիս վարդերի հարցը

ուշ ամառային մի երեկո մամաս լացում էր

ու պատճառն էն քնձռոտ վարդի փունջն էր

որ պոկել էի մեր բախչից ու տվել ընկերուհուս՝ ինչ-որ պատճառով

հա՛

պատճառը ոչ էլ անհայտ էր

տարիները նեղ էին

ու ծաղիկի համար փող չկար ոչ մեկի տանը

ու սակայն մարդիկ պռկերեսի պես ապրում էին

ու ծաղիկ նվիրում առիթից առիթ

օրինակ վարդեր

քաղված

մեր տան հայաթում աճած վարդերի թփից

որոնք տնկել էր մամաս ու խնամել քանի մը տարի

մինչև մի օր տեսանք

որ մեկը՝ բաց վարդի

մյուսը՝ գազարի քնձռոտ շորերը հագին

երկու վարդի թփեր էին ծաղկել մեր բախչում

բայց ես չգիտեի որ նրանք ծաղկել էին ուղիղ մամայիս սրտում

բայց ես չգիտեի

որ աշխարհի ամենաքնքուշ ու շքեղ վարդերը որոշել էին աճել մեր պստիկ բախչում

որովհետև մամաս փոքր ժամանակ երազում փնջով վարդեր էր տեսնում

որոնց տարիներ հետո աճեցրեց մեր այգում

որտեղ դրանից մի քսան տարի առաջ շենքի տղերքը դադկի[1] էին խաղում

իսկ դրանից շատ հետո երբ սովետը փլվում էր

մարդիկ հանկարծ զգացին մոտալուտ սովի շունչն ու սեփականացրին ամեն մի քառակուսի սմ օդը

ու հենց էդ ժամանակ էր որ մամաս սկսեց խնամել մեզ բաժին հասած պստիկ հողի կտորն ու տնկեց մի զույգ վարդ

չիմանալով գույնը

ու հենց էդ ժամանակ էր

որ բոլորը փախան երկրից

իսկ ես մնացի տանը

ու ճիշտ էդ ժամանակ էր

որ մարդիկ ատեցին իրար

անգամ հորն ու մորը

ու սակայն էդ չէր պատճառը

որ մտա բախչա

քաղեցի մի փունջ վարդ ու տվեցի ընկերուհուս քրոջը

ու պատճառն էդ չէր

որ նույն երեկո

մամաս բարձր ձենով լացում էր

հայաթում ծաղկած վարդերի համար

Դիտեք նաև՝

Search