Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ՝ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Աննա Դավթյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։ Այս դեպքում կտեսնեք դա հենց վերնագրից ու առաջին տողերից։

***

Ես հաճախ եմ ուզել, որ դու մեռնես,
և հիմա հավանաբար իմացար՝ ինչու,
և թե ինչքան լավ է մեռնելը,
բայց ես այնպես տխուր եմ ինձ համար:

Եթե ճամփով գամ
ու նայեմ ցորենի մեջ լցված իրիկվա արևին,
ու հասկի վրա արևի փոշի թվա,
և ամբողջ դաշտն ու ամբողջ տունը փոշու մեջ լինի,
և ես հուզմունքից կառչելու տեղ ման գամ,
ու էլ չգտնեմ քեզ՝
ձեռքդ աչքիդ բռնած, ճամփիս նայելիս,
գոգիդ լոբի կամ ռեհան,
ես կամաչեմ ու մեղավոր կզգամ:

Բայց եթե նստած լինեմ տաք հողին
ու սնվեմ նրանից, ինչպես սնվել եմ քեզնից,
ու վերացումիս մեջ հազար անգամ չկանչես անունս,
–   Աննա, ամոթ է,  –
կհիշեմ, որ հաճախ եմ ուզել մեռնելդ, և չեմ ափսոսա:

Դու թանձր աղջիկ ես եղել, ու դա լցվել է
քո տան ամբարներն, արտերն ու մառանները,
ու քո տունն ամրոց է թվում պաշտպանված:

Քո չըմբռնած աղոթքներն ամեն դեպքում մաքրել են քո տունը,
և նրա բոլոր առարկաներից ավետարանի հոտ է գալիս:

Քո այս ամբողջ անելիքը կգնա քեզ հետ,
և ես զրկված կզգամ քեզնից, ինչպես
հին աշխարհի լույսից,
ու մնացածը չի լինի փոխարինում,
այլ նորություն:

Դիտեք նաև՝

Search