Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Գևորգ Թումանյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

***

դանակահարությունից հետո
1904 թվականին
զեյթունցի ընկերոջ հետ
մեկ շաբաթով
Միսաքը Սվազում եղավ
մի քանի օրվա մեջ
թուրք մսագործներ անհետացան
նրանց դաշունահար մարմինները
ոստիկանները հայտնաբերում էին
հետնախորշերի քունջուպուճախներում
Կեդրոնական վարժարանում
ուսումը կիսատ թողեց
ցերեկները անբուժելի հիվանդ ձևանալով
բանաստեղծություններ էր գրում
գիշերներն իր վրիժառուների հետ
թուրք խուժան էր հալածում
1908-ի հունիսին ոստիկանները
բռնեցին և կտտանքների ենթարկեցին
իր խմբի տղաներից մի քանիսին
չբացահայտվելու համար
կազմակերպեց սեփական թաղումը
և ծլկեց դեպի Ամերիկա
ապրեց մինչև խոր ծերություն
և եղեգնյա սրնգով
այլևս ոչ արև երգեց
ոչ գարուն

Դիտեք նաև՝

Search