Play Video

«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Մհեր Արշակյանինն է, որը հայտնի է թե՛ որպես արձակագիր-բանաստեղծ, թե՛ որպես լրագրող, հրապարակախոս։

Պոետը

Լուսամուտից դուրս էլ չնայեց
առավոտյան:
Կնոջը ոչինչ չասաց:

Մի կես հաճույք թեյի միջից շնչեց
որպես քթախոտ:

Տանից դուրս եկավ
բոլոր թերթերն աջ թեւի տակ:

Մտավ տնային կառավարչություն
տան վարձը մուծելու:

Մի քանի ընկեր խփեցին ուսին
Կետիկնոցում`
երեկվա օղին լավն էր:

Կրկին նստեցին: Օղի չկար:
Կրկին լավն էր: Օղու մասին հիշողությունը:

Աղոտ հիշեցին քաղաքական անցուդարձը
փողոցների: Զոհեր կային:
Նույնիսկ մատիդ ցավից ապրելդ գալիս է:

Հետո նա վեր կացավ: Փողոցներում
ծլվլոց կար հացի փնտրտուքի:

Հընթացս կարդաց թերթերի վերնագրերը`
«8 զոհ Երեւանում. շա՞տ է թե` քիչ»,
«Արտակարգ դրություն. նախագահը վճռական է»:

Երկուսը դուրս պրծան գարեջրատնից`
գիրուկ ջահելը եւ քնատ աչքերով մի ծերունի.
«Ոճն ազատ է, իսկ միտքը` ոչ»,-
բղավում էր գիրուկը:

Սա երրորդ գարունն է վերջին
ստիխից հետո:
Կինը կվկայի նման մի բան:

Դեռ լուսանում է, թշվառ քաղաքի
բոլոր օրերը նույն հաշվետվությունն են
մոգերի հետագծի:

Եկեղեցին ձախից`
գոյության եւ անգոյության միջեւ:

Դժվար ժամանակների տեսիլներն են
հիմա մրթմրթում ստվերում:

Աղջիկներն ավելի գեղեցիկ են,
երբ մենակ չես:
Փողոցը հռչակում է նոր զգացումներ:

Անընթեռնելի տարբեր կյանքեր`
նույն գերեզմանոցում,
ուր, ի վերջո, հասավ: Միակ որդու մոտ:

Այդպես ամեն օր:
Չգտավ նրան: Մտքում:
Ավելի հեռու գնալ չէր կարող:

Դիտեք նաև՝

Search