Հովհաննես Թեքգյոզյան (ծնվ. 1974, հուլիսի 8, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, դերասան:
Ավարտել է Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի «Օպերային ռեժիսուրայի» բաժինը: Բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների, էսսեների, հոդվածների (թատերագիտական-կինոգիտական-մշակութաբանական), սցենարների և մեկ վեպի հեղինակ է: Բազմիցս տպագրվել է հայկական, ռուսական, ինչպես նաև ավստրիալյական մամուլում: Չորս գրքի հեղինակ է («Փայտե շապիկ», «Ապակու արև» և «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաքը»): Հովհաննես Թեքգյոզյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն: 2006-ին, որպես լավագույն երիտասարդ գրող, արժանացել է հայ-ամերիկյան IGEFA մրցանակի:

2008 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Դրամատիկական թատրոնում բեմադրվել է Հ. Թեքգյոզյանի «Մետաստազ» պիեսը, որը երկու անվանակարգերում «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Լավագույն երիտասարդ դերասան» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

2011-ին «Ֆորում» թատրոնը բեմադրել է Հ. Թեքգյոզյանի «Ծառը` օդի մեջ» ինտերակտիվ պիեսը և «Ֆորում» թատրոնների փառատոնին հանդես է եկել Թբիլսիիում (ռուսերեն): 2012-ին Հայկական առաջին թատերական պորտալի կողմից Հ. Թեքգյոզյաննն արժանացել է «Լավագույն օնլայն դրամատուրգ» մրցանակին:

Շուրջ երկու տասնյակ պիեսների թարգմանությունների հեղինակ է: 2008 թվականին ՀԹԳՄ սրահում բեմադրված «Ֆանտոմային ցավեր» ներկայացումը, «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում (հեղինակային թարգմանությունը` Հովհաննես Թեքգյոզյանի) արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

1996-ից Հովհաննես Թեգյոզյանը, որպես դերասան, աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում: Շուրջ տասնհինգ տարիների ընթացքում խաղացել է երեսունից ավել դերեր. Պանտալոնե-«Ագռավը», Օզրիկ-«Համլետ», Լրաբեր-«Մակբեթ», Անխելք-«Ավտոբուս», Ֆրենկ-«Մամա միա», Խեղկատակ-«Անվերջ վերադարձ», Փայլակ-«Սեր և ծիծաղ», Հարևան-«Կինը և տղամարդը» և այլն:

Հ. Թեքգյոզյանը Հայաստանի Հանրապետության Թատերական Գործիչների Միության Դրամատուրգիայի գծով քարտուղարն է, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչը:

2009 թվականին «Ապակու արև» պատմվածքների ժողովածուի համար Հովհաննես Թեքգյոզյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի:
Հ.Թեքգյոզյանը բազմիցս տպագրվել է «Գարուն» ամսագրում («Անտի աթմա», «Ապակու արև», «Շինելը», «Ընտրյալը», «Մակբեթ», «Թաղանթ» և այլն), «Գրական թերթում» («Ժանգախտ», «Փուշ ամառ» «Սառը քուն» և այլն), «Գրեթերթում» («Տան ներսում չնկարված գլուխը», «Կորցրած օրը», «Փետուրե հեղափոխություն», «Երկսեռ թատրոն»), «Նարցիս» հանդեսում («Տարականի մումիա», «Անդոյի ցիրկը», «Խճճված աղոթք» և այլն), «Սինեմարտ» ամսագրում (կինոգիտական հոդվածներ), «Թատրոն» թերթում (թատերագիտական հոդվածներ), «Դրամատուրգիա» ամսագրում («Մետաստազ», «Երկկենցաղ մարդը» պիեսները և թատերագիտական հոդվածներ), «Հետք» շաբաթաթերթում («Թատրոնի նյութափոխանակությունը», «Ֆանտոմային գրեր», «Հոգեկանչություն` ըստ սերիալի», «Անընկեր մտքերը», էսսեները և այլն), ինչպես նաև «Նոր դար», «Դոմ Ռաստովիխ», «Յունոստ», «Հորիզոն», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ Երևան», «Ակտուալ արվեստ», «Բնագիր» հանդեսներում և պարբերականներում:

Հյուրախաղերով հանդես է եկել Լեհաստանում, Հունգարիայում, Իրանում և Վրաստանում:

Դիտեք նաև՝

Search