Առաջարկի մասին խոսելիս պետք է հասկանալ՝ ինչպես է որոշվում ձեռնարկության կողմից արտադրվող ապրանքի քանակը, ինչ հարաբերակցություն կա ներդրվող ռեսուրսների և թողարկված արդադրանքի քանակի միջև:
Այս գործընթացը հասկանալի դարձնելու համար վերլուծություն կիրականացնենք և կփորձենք այդ ռեսուրսի քանակի փոփոխությունից ելնելով հասկանալ, թե ինչպես է փոփոխվում արտադրանքի քանակը: Օրինակ, դիտարկենք մի կազմակերպություն, որը կառուցում է ավտոտնակներ, և այն ռեսուրսը, որը կազմակերպությունը ներդնում է, աշխատուժն է: Համարենք, որ մյուս ռեսուրսները՝ հումք, շինանյութ, և այլն, հաստատուն են: Վերլուծության միջոցով կհասկանանք՝ պաշարների քանակի ինչ փոփոխության դեպքում է փոփոխվում արտադրվող արդյունքը, տվյալ դեպքում՝ ավտոտնակների քանակը:
Տարբեր կազմակերպությունների մոտ հաճախ հարց է առաջանում՝ ինչ քանակի աշխատուժ և տեխնիկա ներդնել արտադրության մեջ: Ցանկացած կազմակերպություն պետք է ճիշտ որոշում կայացնի օպտիմալ հարաբերակցությունը գտնելու համար: Այս որոշման ճիշտ լինելը կախված է նաև տվյալ գործունեության վայրից: Օրինակ, եթե Հնդկաստանում կամ Հայաստանում աշխատուժն ավելի էժան է, քան Եվրոպայում կամ Թուրքիայում, այստեղ կազմակերպություններին ավելի ձեռնտու է կիրառել աշխատուժ, քան տեխնոլոգիաներ: