Անկախության հաստատման առաջին իսկ տարիներից Հայաստանում իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր, սակայն աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը և սոցիալական լարվածության տարբեր ձևերը շարունակում են մնալ մեր տնտեսության հիմնական խնդիրները:
Պատճառը պետք է փնտրել ոչ այնքան սոցիալական քաղաքականության կամ սոցիալական ծրագրերի որակական հատկանիշներում ու դրանց կառավարման առանձնահատկություններում, որքան տնտեսական հարաբերությունների և սոցիալական հատվածի փոխառնչություններում:
Համալիր սոցիալական քաղաքականությունը չի կարող հավակնոտ նպատակներ ունենալ, եթե դրա թիկունքում չկա կայուն և ուժեղ տնտեսություն: Ֆինանսավորման մասին խոսելիս պետք է հիշել, որ խնդիրը սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության միջև փոխառնչությունն է:
***
Ժամանակակից տնտեսագիտության հիմնական խնդիրը սահմանափակ ռեսուրսների արդյունավետ բաշխումն ու օգտագործումն է: Հետևաբար, «արդյունավետություն» կատեգորիան պետք է դիտարկել բաշխման և օգտագործման կոնտեքստում:
Օգտագործման տեսանկյունից արդյունավետությունը հնարավորինս քիչ ծախսերի միջոցով հնարավորինս բարձր արդյունքի հասնելն է: Սակայն առանց բաշխման հարաբերությունները դիտարկելու հնարավոր չէ խոսել նաև օգտագործման մասին:
***
Պետք է հաշվի առնել սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթացների կապը, քանի որ ամենաարդյունավետ սոցիալական ծրագիրն անգամ կարող է տապալվել, եթե չկա հասարակական վստահություն իշխանությունների նկատմամբ, և հակառակը: Բարձր վստահության պարագայում հնարավոր է իրականացնել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք տնտեսության տեսանկյունից բացարձակ արդյունավետ չեն: Այս դեպքում հնարավոր կլինի հավասարակշռության բերել սոցիալական արդարությունը և տնտեսական արդյունավետությունը: